Նշվեց Ալեքսանդր Սամվելյանի 100-ամյա հոբելյանը

Օգոստոսի 22-ը տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խաղողագործության եւ գինեգործության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Սամվելյանի ծննդյան օրն է։ Նշանավոր գիտնականի, հայրենական գինեգործության սյուներից մեկի եւ Ագրարային համալսարանի երախտավորի 100-ամյա հոբելյանը նշվեց ՀԱԱՀ խողողագինեգործության գիտական կենտրոնում, որի երկարամյա տնօրենն է եղել։

Միջոցառումն անցկացվեց ժամանակակից գինեգործության զարգացման միտումներին ու մարտահրավերներին նվիրված սեմինարի շրջանակում՝ հնարավորություն տալով ներդաշնակորեն համադրել գինեգործության երախտավորի կյանքի եւ գործի նշանավորումը՝ հրատապ թեմայի շուրջ ոլորտի մասնագետների կարծիքների ու առաջարկած լուծումների հետ։ Մասնավորապես, Խաղողագինեգործության գիտական կենտրոնի տնօրեն Գարուշ Սամվելյանի զեկուցումը նվիրված էր հայկական գինիների՝ վերջին տարիների գրանցած աննախադեպ հաջողության խորապատկերում առկա հիմնախնդիրների լուծմանը, Հայաստանը գինեգործական տերություն դարձնելու ուղիներին, ինչպես նաեւ գինեգործների ավագ եւ նոր սերունդների ներդաշնակ գործակցությանը։ Կրտսեր Սամվելյանի առաջարկած հետաքրքիր լուծումներից մեկը կալվածքային (տերուարային) գինեգործության զարգացումն է։ «Ամեն պարագայում գինեգործության շարժիչ ուժը գիտությունն է, մասնավորապես՝ կիրառական գիտությունը», – եզրափակեց պարոն Սամվելյանը։

Ալեքսանդր Սամվելյանի կյանքի, գործունեության եւ նրա թողած գիտական ժառանգության գնահատանքով հանդես եկավ ՀԱԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը՝ փոխանցելով ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը։

«Այս հոբելյանը նշանակալից իրադարձություն է գինեգործների տարբեր սերունդների, երկրի գիտական ու կրթական հանրության, գյուղատնտեսության ոլորտի համար։  Ալեքսանդր Սամվելյանն անցել է գիտնականի, դասախոսի եւ քաղաքացու երկար ու փառավոր ճանապարհ։ Նա հարուստ գիտապրակտիկ  ժառանգություն է թողել գինու ագրոտեխնոլոգիաների, անալիզի, կորուստների գնահատման, խաղողի եւ գինու որակի վրա պարարտանյութերի ազդեցության եւ շատ ու շատ այլ գիտական խնդիրների լուծման գործում։ Սամվելյանը հեղինակ եւ համահեղինակ է խաղողի կոլեկցիոն սորտերից ստացված հայրենական այնպիսի գինիների, ինչպիսիք են Կարմրահյութը, Չարենցին, Տիգրանին, Տոկունը, Մեղրաբույրը, Շիրակը եւ այլն։ Իր հսկայական մասնագիտական ու գիտական փորձը հաղորդել է նաեւ գինեգործների հաջորդ սերնդին՝ 14 տարի Ագրարային համալսարանում դասավանդելով Գինու քիմիա եւ Գինեգործության տեխնոլոգիա առարկաները։ Խորհրդանշական է, որ այսօր գիտական կենտրոնը ղեկավարում է մեծ գինեգործի որդին, ճանաչված մասնագետ,  տեխնիկական գիտությունների թեկնածու Գարուշ Սամվելյանը։ Շատ ուրախալի է, որ մեզ հետ այսօր աշխատում եւ նորարարական ու երիտասարդական մոտեցումներով գինեգործության հայկական դպրոցի զինանոցը հարստացնում է Ալեքսանդր Սամվելյանի թոռնուհի Ագնեսա Սամվելյանը»,- մասնավորապես ասված է ուղերձում։

Ներկաների հուշերի առինքնող շարքում հառնեց Ալեքսանդր Սամվելյան գիտնականի, մանկավարժի, մասնագետի, համեստ ու տաղանդավոր մտավորականի գեղեցիկ կերպարը, որ շարունակելու է ոգեշնչող օրինակ լինել գինեգործների նոր սերունդների համար։

Միջոցառման ավարտին ներկաները համտեսեցին եւ շատ հավանեցին Ագնեսա Սամվելյանի հեղինակած գինին։