Մարդը միշտ գնում է այնտեղ, որտեղ ջուր կա․ ՋՀՌԿ ամբիոնում ավարտաճառերի հերթական հաջող պաշտպանությունը

Այսօր՝ ապրիլի 21-ին, Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի «Հողաբարելավում, հողային եւ ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ» կրթական ծրագրի հեռակա ուսուցման համակարգի 5-րդ կուրսի ուսանողները պաշտպանեցին ավարտական աշխատանքները։ Հիմնականում տղաներից բաղկացած կուրսը արդեն ոլորտում աշխատող մասնագետներից է կազմված։ Հատկանշական է նաեւ, որ նրանց աշխատանքները գլխավորապես վերաբերում են հենց իրենց համայնքներում գործող ջրատնտեսական կառույցներին։

Հանձնաժողովը՝ նախագահ, Արմավիրի ՋՕԸ-ի փոխտնօրեն, տ․ գ․ թ․ Արշավիր Հայրապետյանի գլխավորությամբ, ընդհանուր առմամբ գոհ մնաց ուսանողների ներկայացումներից, հաշվարկներից, առաջարկություններից եւ առհասարակ գործնական գիտելիքից։ Հետաքրքրական է, որ ականատես եղանք ընթերցվող գրախոսականների թերեւս ամենամեղմ տոնայնությանը՝ գրեթե բացառապես տեխնիկական դիտողություններ, որը խոսում է բուհն ավարտողների մասնագիտական հասունության եւ կայացածության մասին։ Եղած մտահոգություններն էլ ոչ թե հանձնաժողովինն էին, այլ․․․ ավարտական աշխատանքների ղեկավարներինր՝ այն առումով, որ ուսանողների գործնական լուրջ փորձը երբեմն դժվարությամբ էր «տեղավորվում» սահմանված ձեւաչափի մեջ։

Աշխատանքների թեմաները բազմազան էին եւ յուրաքանչյուրը վերաբերում էր կոնկրետ համայնքի՝ ջրամբարի նախագծում, տեխնիկատնտեսական արդյունավետության հաշվարկներ, ոռոգման ջրի հաշվառում եւ բաշխման համակարգերի բարելավում, ոռոգման առկա գործելակերպերի բարելավում, ջրակորուստների նվազեցում, ջրամբարների բնութագրերի բարելավում, պատվարների կայունության հաշվարկներ, ընդհուպ մինչեւ Ծիծեռնակաբերդի պոմպակայանի վիճակի համակողմանի ուսումնասիրություն եւ այլն։ Ուսանողների առաջարկների մեջ ներդաշնակ կերպով զուգակցվում են տեխնիկական գիտելիքը, բավականին պատկառելի փորձը եւ ստեղծագործական միտքը։ Իսկ այս ամենը մեկ հունով տանող «անտեսանելի» ձեռքը դիպլոմային աշխատանքների ղեկավարներն էին, որոնց աշխատանքը ամենայն դրվատանքի է արժանի։

«Մարդը միշտ գնում է այնտեղ, որտեղ ջուր կա․ ձեր՝ մասնագետներիդ առաքելությունը ջրի ոլորտում գնալով ավելի ու ավելի է կարեւորվելու մեր երկրում։ Համոզված եմ, որ ավարտելուց հետո ավելի եք սիրելու ձեր մասնագիտությունը», – հանձնաժողովի նախագահ Արշավիր Հայրապետյանի խոսքերն են։

«Շարունակելո՞ւ ես մասնագիտությամբ աշխատել» հարցին ուսանողների աներկբա ու հաստատակամ պատասխանները ամբողջությամբ արդարացրին ՋՀՌԿ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի՝ պաշտպանության սկզբում արտահայտած այն վստահությունը, որ կուրսը լավագույնս է ներկայանալու հանձնաժողովին։