Նոր մասնագիտության երկրորդ սերունդն է ավարտում ուսումնառության այս փուլը: Ընդամենը երեքն են, հետաքրքիր-չկրկնվող-խիստ արդիական թեմաներով: Երեքն էին լավը, բայց Դիանա Սումբուլյանի աշխատանքը լավագույնն էր: Այս տարի ավարտաճառերի տասնյակ պաշտպանությունների վկան ենք եղել, բայց Դիանան ակնհայտորեն էր տարբերվում:
Բակալավրիական կրթությամբ ագրոնոմ է, զբաղվում է ՀՀ դեղաբույսերի պաշարների սրտացավ մշտադիտարկմամբ: Մագիստրոսական թեզը նվիրված էր երկրատեղեկատվական համակարգերի ծրագրակազմերի միջոցով դեղաբույսերի քարտեզագրմանը: Այսինքն, իր հիմնական մասնագիտական շատ հիմնավոր գիտելիքները ավելի «ուժեղ-կայուն» է դարձրել ժամանակակից հնարավորությունների միջոցով:
Դիանան աշխատանքը ներկայացնում էր բանավոր, գիտակ մարդու խոսք էր՝ փայլուն-խնամված հայերենով: Այն, ինչ միշտ կամեցել ենք տեսնել թեզերի պաշտպանությունների ժամանակ: Պատահական չէ, որ մագիստրոսը ապահովված է աշխատանքով: Դեռ ասպիրանտուրայի մասին չի մտածում: Բայց ընտրած գործը սիրով-նվիրումով շարունակելու կամք ունի:
Հունիսի 30-ը հողաշինարարների եւ գեոդեզիստների օրն է, այն շատ խորհրդանշական կերպով համընկավ մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանության հետ: Հանձնաժողովի անդամ, ՀՀ կադաստրի կոմիտեի առաջին բաժնի պետ, տ.գ.թ. Լարիսա Մանուկյանը շնորհավորեց գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության բաժնի պետ, հանձնաժողովի ավագ ներկայացուցիչ Գեորգի Գեւորգյանը նշեց, որ տարիների ընթացքում (դեռ խորհրդային ժամանակներից) կուտակած տվյալները, վիճակագրական ցուցանիշները, դիտարկումների ամփոփումները սիրով փոխանցել է ջրային եւ հողային ռեսուրսների ամբիոնին.
-Ավելի վստահելի տեղ չկա, կարծում եմ՝ նյութերը պիտանի կլինեն ե՛ւ սովորողների, ե՛ւ աշխատակիցների համար: