Բնապահպանական խնդիրները սահմաններ չեն ճանաչում, վեր են ազգային, ընկերային տարանջատումներից: Հավանաբար հենց այս մտայնությունն էլ սկիզբը դրեց Եւրոպայում ակադեմիական ինտեգրմանն ուղղված անդրազգային գործընկերության՝ քաղաքային կապույտ կանաչ ենթակառուցվածքներ Եւրոպայի Արեւելքում եւ Արեւմուտքում ծրագրի, որը համակարգում է Շվեդիայի գյուղատնտեսական ինստիտուտը: Մասնակիցներն են Ուկրաինայի՝ երկու, Վրաստանի եւ մեր համալսարանների մասնագետները:
Օրերս հնգօրյա աշխատանքային-գիտագործնական հանդիպումներ են եղել Կիեւում, որտեղ ՀԱԱՀ-ը ներկայացնում էին անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Մերուժան Գալստյանը, գիտաշխատող Զարուհի Հովեյանը, Մոնիկա Խաչատրյանն ու Աստղիկ Հովհաննիսյանը:
Բնապահպանները ճանաչողական այցով եղել են ազգային պարկում, պլանավորել են անելիքները, հստակեցրել են սկզբունքները, հավաքված նյութերը մշակելու մեթոդաբանությունը եւ հարցաշարը, որը փորձարկվել է Կիեւում (250-ից ավելի հարցում): ՀՀ-ում ծրագիրը կիրականացվի Երեւանում եւ Վանաձորում: Հարցումների արդյունքները կքարտեզագրվեն:
– Կարծում ենք, այս շատ կարեւոր համագործակցությունը շարունակական կլինի եւ կընդլայնվի,- ասում է Զարուհի Հովեյանը,- ընդհանրապես, մեր խումբը՝ Մերուժան Գալստյանի ղեկավարությամբ, շատ սիրվեց բոլորից: Պրոֆեսոր Գալստյանը խմբի հոգին էր՝ բոլորին միասնական ու գործուն դարձնող: