ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը հոկտեմբերի 17-ին համագործակցության համաձայնագիր են ստորագրել:
ԵՊՀ-ում կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵՊՀ բնական եւ ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը, ՀԱԱՀ սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների կենտրոնի բուսական ծագման մթերքների վերամշակման տեխնոլոգիաների բաժնի վարիչ Նարինե Հովհաննիսյանը:
Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել համատեղ աշխատանքներ սննդի անվտանգության, սննդի քիմիայի եւ կենսատեխնոլոգիաների ոլորտում՝ սերտ համագործակցելով նաեւ բիզնես ոլորտի հետ:
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը կարեւոր է համարել բուհերի համատեղ աշխատանքը մասնավոր հատվածի գործակցության տեսակետից: Նա նշել է, որ լաբորատորիաների համատեղ օգտագործումն ավելի արդյունավետ կդարձնի հետազոտողների, դասախոսների եւ ուսանողների աշխատանքը:
Ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդգծել է, որ մեր երկու բուհերը նախկինում էլ են ակտիվորեն գործակցել, սակայն ստորագրված համաձայնագիրը նոր թափ կհաղորդի գործընկեր համալսարանների փոխգործակցությանը: «Բավականին մեծ չօգտագործված ներուժ եւ հնարավորություններ կան մասնավորապես քիմիայի եւ կենսաբանության ոլորտում: Լավ գաղափար կա համատեղ մագիստրոսական ծրագիր մշակելու եւ գործարկելու վերաբերյալ, որն ուղղված կլինի սննդամթերքի վերամշակող արդյունաբերության ոլորտում կենսատեխնոլոգիաների պատրաստմանն ու համատեղ լաբորատոր աշխատանքների իրականացմանը»,- ասել է պարոն Ուռուտյանը: