Կամացու-Հայաստան. հեռանկարային գործարք

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ օրերս ուսումնաճանաչողական այցելությամբ ԻԿՕ Մաշիների ՍՊԸ-ում էին, որը ճապոնական հանրահայտ Կամացու ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Հետաքրքիր շրջայցին նախորդել է ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանի եւ դեկանի տեղակալ Վոլոդյա Ասատրյանի հանդիպումը ընկերության տեխաջակցության ծառայության ղեկավար Արթուր Մինասյանի հետ: Քննարկվել են փոխգործակցության, մասնավորապես ուսանողների փորձուսուցման եւ աշխատանքի տեղավորման հարցեր:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց մեր համալսարանում կազմակերպել ընկերության մասնագետների տեսական, ինչպես նաեւ ընկերությունում՝ մեր ուսանողների եւ դասախոսների գործնական վերապատրաստումներ: «Երկուստեք վերապատրաստումները կարեւոր են  երկու կողմի համար էլ: Մեր նպատակն է ուսանողներին հրամցնել թե տեսական եւ թե գործնական հենց այն գիտելիքներն ու հմտությունները, որն այս պահին եւ մոտ ապագայում պահանջված կլինի աշխատաշուկայում»,- ասում է դեկանի տեղակալ Վոլոդյա Ասատրյանը:

Ուսանողները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան Կամացու-Հայաստանի նյութատեխնիկական հզոր բազային, որ համալրված է վերջին տեխնիկական նվաճումներով, ընդ որում այդ բազայում կան տեխնիկայի՝ մեծ պահանջարկ վայելող, մեր երկրում եզակի օրինակներ: Մասնավորապես արատորոշման տեղամասում ծանոթացան այս ոլորտի նորագույն սարքավորումներին, այդ թվում՝ լիսեռներին, հղկիչ-արգելակային ստենդին եւ Հայաստանում եզակի այլ սարքավորումների:

Պայմանավորեցին նաեւ առաջիկա օրերին ԻԿՕ Մաշիների ՍՊԸ գործուղել մեր լավագույն շրջանավարտներից եւ ուսանողներից մի քանիսին՝ ընկերությունում առկա թափուր աշխատատեղերը համալրելու կոնկրետ նպատակով: Ի դեպ, ընկերությունում այս պահին մենք արդեն երկուսն ունենք՝ շրջանավարտ եւ ուսանող՝ տրանսպորտային համակարգերի մասնագետներ: Հենց նրանք են ապահովել ընկերության կապը համալսարանի հետ, հանդես եկել որպես համալսարանի դեսպաններ, հերթական հեռանկարային գործակցության շահադրդողներ ու կազմակերպիչներ:

Առաջիկայում կքննարկվեն ընկերությունում ճարտարագիտականի ուսանողների փորձուսուցման կազմակերպման մանրամասները: