ՀԱԱՀ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը եւ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը ներկայացնում էին Հայաստանը եւ Ագրարային համալսարանը հոկտեմբերի 25-29-ը Պորտուգալիայում կայացած էրազմուսյան հանդիպման ժամանակ: Հետաքրքիր ձեւաչափով կազմակերպված միջազգային դասավանդման եւ վերապատրաստման շաբաթի կազմակերպիչը ՀԱԱՀ-ի նոր գործընկերներից Բեժայի պոլիտեխնիակական ինստիտուտն էր։ Նպատակը մեկն էր՝ ստեղծել հարթակ, որտեղ տարբեր երկրների եւ տարբեր համալսարանների ներկայացուցիչները կարող են միմյանց հաղորդակից դարձնել իրենց հետաքրքիր փորձին եւ գտնել նոր գործընկերներ։ Բացի Հայաստանից, պատվիրակներ էին գնացել նաեւ Բոսնիա Հերցոգովինայից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Չեխիայից։
Հանդիման առաջին օրը համալսարանների ներկայացուցիչները համառոտակի ներկայացրել են իրենց համալսարանները։ Տիկին Մովսիսյանը ներկայացրեց ՀԱԱՀ-ի կրթագիտական ուղղությունները, կրթական բարեփոխումների ընթացքը, ՀԱԱՀ նորարարական կառույցներն ու դրանցում արձանագրված հաջողությունները։
Շաբաթվա ընթացքում մասնակիցներն այցելեցին հյուրընկալող համալսարանի Գյուղատնտեսական եւ բուսաբուծական կենտրոն, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն գործնականում հմտանալ իրենց մասնագիտության ոլորտում, իսկ հետազոտողները՝ կատարել տարատեսակ փորձեր ու հետազոտություններ։ Բեժայի ինստիտուտն ունի բավականին հագեցած լաբորատորիաներ, որտեղ ոչ միայն իրականացվում են տարատեսակ հետազոտություններ, այլեւ մատուցվում են ծառայություններ արտաքին շահակիցների համար։
Հանդիպման երրորդ օրը, որը նվիրված էր միջազգային փորձի փոխանակմանը, Բեժայի համալսարանի Գյուղատնտեսական դպրոցի պրոֆեսորների եւ ուսանողների ներկայությամբ Գարեգին Համբարձումյանը ներկայացրեց ուսանող Սարգիս Գեւորգյանի հետ կատարած հետազոտության հիմնական արդյունքները, այն է՝ Քովիդ-19-ի ազդեցությունը կաթի շուկայի որոշ օղակների վրա։ Բեժայի գործընկերների ներկայացումներից պարզ դարձավ, որ այս հաստատությունում հետազոտությունների մեծ մասը կատարվում է գյուղատնտեսության կոնկրետ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ եւ շատ հաճախ՝ արտաքին շահակիցների պատվերով։
Մասնակիցները բուհ-արտադրություն կապի լավ օրինակներ տեսան Ալքուեւա ջրամբար, արտադրական փակ շրջափուլով ձիթապտղի յուղի եւ գինու գործարաններ այցելությունների ընթացքում:
Բարձր մակարդակով կազմակերպված էրազմուսյան շաբաթից ՀԱԱՀ ներկայացուցիչները վերադարձել են Բեժայի ինստիտուտի հետ համագործակցության շարունակման, ինչպես նաեւ Ուկրաինիայի եւ Բոսնիա Հերցոգովինայի մի քանի համալսարանների հետ համագործակցություն սկսելու պայմանավորվածություններով։
Մերոնք այցելել են նաեւ Լիսաբոնի համալսարանի Ագրոնոմիայի բարձրագույն դպրոց, որտեղ նրանց ընդունել է միջազգային կապերի պատասխանատուն եւ դպրոցի նախագահ Անտոնիո Գուերերիո դե Բրիտոն։ Այցը հնարավոր դարձավ ՀԱԱՀ շրջանավարտ Մ․ Հարությունյանի շնորհիվ, որը հետազոտական աշխատանքներ է կատարում այնտեղ։ Լիսաբոնի համալսարանի հետ ՀԱԱՀ-ն ունի էրազմուսյան փոխանակման ծրագիր, սակայն քննարկման ընթացքում բացահայտվեցին այլ ոլորտներ եւս, որի շրջանակում երկու բուհերը ցանկություն հայտնեցին համագործակցել։