Էկոնոմիկայի փոխնախարարը եւ ՀԱԱՀ ռեկտորը Պարենային համակարգերի նախագագաթնաժողովում

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցում են հուլիսի 26-28-ը Իտալիայի կառավարության հետ գործակցությամբ Հռոմում տեղի ունեցող ՄԱԿ-ի պարենային համակարգերի եռօրյա նախագագաթնաժողովին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռիշի գլխավորությամբ անցկացվող նախագագաթնաժողովը մեկտեղել է մոտ 140 երկրների ներկայացուցիչների՝ քննարկելու պարենային համակարգերի առջեւ այսօր ծառացած խնդիրները՝ Կայուն զարգացման բոլոր 17 նպատակների ուղղությամբ առաջընթաց գրանցելու, փորձահենք ու գիտահենք մոտեցումներով պարենային համակարգերի փոխակերպումն ապահովելու նպատակադրությամբ։

ՄԱԿ-ի նախագագաթնաժողովին նախորդել է այս տարվա ապրիլին եւ հունիսին անցկացված պարենային համակարգերի ազգային երկփուլ երկխոսությունը, որոնց կազմակերպման ու անցկացման գործում հիմնական դերակատարություն են ունեցել պարոն Խոջոյանը եւ պարոն Ուռուտյանը։ Երկխոսությունը ճանաչվեց որպես շահակիցների առավելագույն ներկայացուցչականություն եւ ներգրավվածություն ապահոված համաժողով, որը նախանշեց պարենային համակարգերի ներառական արժեշղթաների ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ նախադրյալները։

Փոխնախարար Խոջոյանը եւ ռեկտոր Ուռուտյանը նախագագաթնաժողովի ընթացքում հանդիպումներ ու քննարկումներ են ունենում տարբեր երկրների ներկայացուցիչների, միջազգային առկա եւ պոտենցիալ գործընկերների հետ։ Այդ քննարկումները համատեղ ծրագրեր ու նախագծեր դառնալու բավականին մեծ ներուժ ունեն։