Դիպլոմներ ստացան Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի շրջանավարտները

Այսօր հանդիսավոր պայմաններում իրենց դիպլոմները ստացան Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի շրջանավարտները:

Ֆակուլտետի դեկան, տեխն.գիտ.դոկտոր, դոցենտ Սմբատ Դավեյանը շնորհավորելով շրջանավարտներին ասաց, որ այս օրը հիշարժան է լինելու նրանց կյանքում եւ նշեց, որ ընտրել են «մարդասիրական» բուհ և նրանց ձեռք բերած պարենամթերքի անվտանգության հետ կապված մասնագիտությունները խիստ պահանջարկված են աշխատաշուկայում:

– Ոմանք կշարունակեն ուսումը մագիստրատուրայում, մյուսները կսկսեն իրենց աշխատանքային կարիերան, եւ հույս ունեմ, որ նրանք բարձր կպահեն մեր բուհի պատիվը,- ասաց պարոն Դավեյանը:

Շրջանավարտներին եւ նրանց ծնողներին շնորհավորեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Նա նշեց, որ թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները վերջին երկու տարում մեծ դժվարություններ են հաղթահարել եւ կարողացել են հասնել այս օրվան, եւ սա կարեւոր ձեռքբերում է:

«Երբեք չդադարեք սովորել, եւ սա դեռ սկիզբն է, լավ կյանքի գրավականը շարունակական կրթությունն է, այսօր բազմաթիվ են մարտահրավերները, շարունակեք կրթվել, միշտ առաջ շարժվել եւ այն գիտելիքները, որ ստացել եք համալսարանում եւ ձեռք կբերեք հետագայում՝ ծառայեցրեք մեր հայրենիքին ու ազգային տնտեսության հզորացմանը:

Երբեք չմոռանաք համալսարանը, մեր դռները միշտ բաց են ձեզ համար, դասախոսները միշտ պատրաստ աջակցելու ցանկացած հարցում:

Երբեք չվախենաք սխալներից ու ձախողումներից: Սխալները քայլ առ քայլ մոտեցնում են հաջողություններին, եթե ուզում եք հաջողել, փոխել ինչ որ բան, եղեք այն փոփոխությունը, որը դուք ուզում եք տեսնել:

Եվ հիշեք ձեր դասախոսներին, ընկերներին, նրանք ձեր կարևոր ձեռքբերումն են: Միասին եք աշխատելու, միասին ընկերություններ եք հիմնելու:

Շնորհավորում եմ բոլորիդ, բարի երթ»,- ասաց պարոն Ուռուտյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը, դասախոսներ:

Շրջանավարտներին հանդիսավորապես դիպլոմերը հանձնեց ռեկտոր Ուռուտյանը: