Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում վերապատրաստման նպատակով ապրիլի 13-ից 17-ը այցելել եմ Մինհոյի համալսարանի (Պորտուգալիա) Քիմիայի դեպարտամենտ:
Մինհոյի համալսարանի պրոֆեսոր Իզաբելա Նեւեսը երկար տարիներ գիտական աշխատանքներ է իրականացնում ցեոլիտների կիրառման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, որը նաեւ վերջին տարիների իմ ինտենսիվ ուսումնասիրությունների նյութն է: Այցի ընթացքում ծանոթացա Մինհոյի համալսարանի Քիմիայի դեպարտամենտի եւ Քիմիայի գիտական կենտրոնի նյութատեխնիկական հնարավորություններին, պրոֆ. Նեւեսի հետ բովանդակային մասնագիտական քննարկում ունեցանք՝ փոխանակելով մեր փորձն ու գիտելիքները:
Քննարկման ընթացքում ուղենշեցինք համատեղ աշխատանքների հնարավորությունները: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, մեր պատրաստած ցեոլիտների նմուշներն առաքել եմ պրոֆ. Նեւեսին՝ լրացուցիչ հետազոտությունների համար, ինչպես նաեւ նախապատրաստական աշխատանքներ եմ իրականացնում ՀԱԱՀ-ում ցեոլիտների կատալիտիկ ակտիվության ուսումնասիրման համար՝ պրոֆ. Իզաբելա Նեւեսի մշակած մեթոդաբանությամբ: Նախանշված հետազոտությունների արդյունքները սերտ փոխգործակցության հնարավորություն կընձեռեն: Համատեղ հետազոտությունների ավարտին նախատեսվում է համատեղ գիտական հոդվածների տպագրություն: Քննարկել ենք նաեւ Եւրամիության կողմից ֆինանսավորվող միջազգային գիտական ծրագրերին համատեղ մասնակցության հեռանկարները:
Այցի շրջանակում Մինհոյի համալսարանի Քիմիայի գիտական կենտրոնում հանդես եմ եկել «Հայկական կլինոպտիլոլիտի իոնափոխանակված նմուշների բակտերոստատիկ ակտիվությունը. նոր արդյունավետ սորբենտներ ջրերի մաքրման համար» թեմայով գիտական զեկույցով, որն ընդունվեց մեծ հետաքրքրությամբ: Զեկույցը նաեւ հնարավորություն տվեց ներկայացնել Հայաստանն իր ողջ հմայքով եւ շահագրգռեց ներկաներին այցելել մեր երկիր:
Այսպիսով, արձանագրեմ, որ Էրազմուս+-ի PEERS ծրագիրը ինձ տվեց գիտական համագործության մեկնարկի իրական հնարավորություն:
Լուսինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ
Քիմիական գիտությունների դոկտոր





