Ավարտվել են «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնի կահավորման աշխատանքները․ ծրագրի գործընկերների այցը

Երեկ՝ ապրրիլի 28-ին ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը եւ «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնի ղեկավար Արա Ամիրյանն ընդունեցին Համաշխարհային բանկի կրթության փորձագետ, «Կրթության բարելավման ծրագրի» վարկային նախագծի աշխատանքային խմբի ղեկավար Շիզուկա Կոնիմոտոյին, ՀԲ կրտսեր փորձագետ, վարկային ծրագրի իրականացման արդյունքների գնահատման հեղինակ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրային եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի պատասխանատուներին։

Գործընկերների այցի նպատակն էր ծանոթանալ վարկային նախագծի շրջանակում Ագրարային համալսարանում Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի («Ագրոբոտ») գերազանցության կենտրոնի հիմնադրման եւ կահավորման՝ արդեն ավարտված աշխատանքներին։ Կենտրոնի ղեկավար, տ․ գ․ դ․ պրոֆեսոր Արա Ամիրյանը հակիրճ ներկայացրեց իրականացված աշխատանքները։ Նա վստահություն հայտնեց, որ կենտրոնը՝ մեր երկրում ագրոռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ոլորտում լինելով եզակի կառույց՝ իր տեխնիկական հագեցվածությամբ, գյուղատնտեսական ռոբոտների նախագծման (AgrobotLAB) եւ ծրագրավորման (ITLab) լաբորատորիաներով, վստահաբար կծառայի նախասահմանված հիմնական նպատակներին՝ ոլորտի արդիանակացում եւ մրցունակ մասնագետների պատրաստում։ Պրոֆեսոր Ամիրյանը շնորհակալություն հայտնեց միջազգային եւ տեղական գործընկերներին, համալսարանի ղեկավարությանն ու հոգաբարձուների խորհրդին, ինչպես նաեւ ծրագրի կառավարման թիմին։ Հատուկ շնորհակալություն հայտնեց ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ում ներդրված նոր՝ «Ագրոմեխատրոնիկա եւ ճշգրիտ ռոբոտատեխնիկա» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողներ Արթուր Հովակիմյանին ու Գրիշա Ղուրշուդյանին, որոնց ջանքերն անուրանալի են կենտրոնի ստեղծման եւ սարքավորումների տեղադրման ու կարգաբերման գործում։

ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանն իր խոսքում մեծապես կարեւոր համարեց կենտրոնի ստեղծումը, մասնավորապես՝ ոլորտի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման եւ զարգացմանը նպաստելուն պատրաստ մրցունակ կադրերի պատրաստման տեսակետից։ Հաջողված համագործակցության համար ռեկտորը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին։ Ռեկտոր Զաքոյանը, պրոֆեսոր Ամիրյանը եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը հաճույքով պատասխանեցին միջազգային փորձագետների հարցերին։

Վերջինները գոհունակություն արտահայտեցին նախ՝ լսածից, ապա նաեւ այն ամենից, ինչ տեսան Ագրոբոտ գերազանցության կենտրոնի լաբորատորիաներում, աշխատանքային եւ ուսումնահետազոտական բաժիններում շրջայցի ժամանակ։ Մեր հյուրերը չթաքցրին իրենց տպավորվածությունը, մանավանդ՝ նոր մասնագիտությամբ սովորող մեր ուսանողներից։

Առաջիկայում կկայանա «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնի պաշտոնական բացումը։ ՀԱԱՀ-ում ներդրված երկու նոր մասնագիտությունների (Ճշգրիտ գյուղատնտեսություն մագիստրատուրայում եւ «Ագրոմեխատրոնիկա եւ ճշգրիտ ռոբոտատեխնիկա բակալավրիատում) ուսանողներն արդեն օգտվում են կենտրոնի ընձեռած աննախադեպ հնարավորություններից։