Առաջին էրազմուսյան աշխատանքային հանդիպումը Սերբիայում

Միջազգային կապերի դեպարտամենտը հետեւողականորեն համալրում է ոչ միայն համագործակցող համալսարանների, այլեւ երկրների ցանկը։ Օրեր առաջ միջազգային նոր համագործակցության հիմք դրվեց, այս անգամ՝ Սերբիայի հետ։ Սերբիան Էրազմուս+ ծրագրային նոր երկրներից է եւ հենց այս առումով է կարեւոր այս երկրի հետ համագործակցությունը։

Հունիսի 13-17-ին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում հյուրընկալվեց Շաբացի կիրառական գիտությունների ակադեմիայում։ Հիմնական այցը Գյուղատնտեսության, բիզնեսի եւ տուրիզմի դեպարտամենտում էր, որտեղ դեպարտամենտի պետ, դոկտոր Վերա Ռասկովիչի քննարկվեցին հայաստանյան եւ սերբիական կրթական համակարգերը, գնահատման համակարգերը, ուսանողների ընդգրկման հիմնահարցերը, նյութատեխնիկական բազաների առկայությունն ու հասանելիությունը, ինչպես նաեւ ուսանողների փորձուսուցումների կազմակերպման հարցերն ու դրանցում առկա մարտահրավերների հաղթահարման ուղիները։ Անգլերենի դասախոս Նադա Նիկոլայեվիչի հետ քննարկվեցին օտար լեզուների ուսուցման մեթոդաբանությունն ու հիմնախնդիրները։ «Երկու երկրների բուհական համակարգերում էլ օտար լեզուների իմացության մակարդակը բավարար չէ եւ տարբեր հաստատություններ տարբեր մեթոդներով ցանկանում են խթանել դրա մակարդակը թե ուսանողների, եւ թե աշխատակիցների շրջանում»։ Գ․ Համբարձումյանը ներկայացրեց ՀԱԱՀ-ում այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։

Կենդանագիտության պրոֆեսոր Միելնա Միլոշեվիչի հետ քննարկվեցին համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունները եւ ակնկալվում է, որ նա պատասխան այցով կայցելի ՀԱԱՀ։ Հանդիպումներ եղան նաեւ կենսաբանների, միջատաբանների եւ այլ մասնագետների հետ։

«Որեւէ էրազմուսյան այց ենթադրում է ոչ թե միակողմանի, այլ երկկողմանի վերապատրաստում։ Քանի որ Շաբացի ակադեմիայի միջազգայնացման համար պատասխանատու մարմինը եւ անձնակազմը դեռ նորակազմ էր, ես բավականին երկար ժամանակ տրամադրեցի՝ բացատրելով եւ ցուցադրելով մեր համալսարանում միջազգայնացման եւ միջազգային ծրագրերի համակարգման մեխանիզմները, Էրազմուս+-ի համակարգման եւ շարժունության իրականացման մեխանիզմները, տվյալների բազաներ ունենալու դրական կողմերն ու դրանց հնարավորությունները, կրեդիտային ճանաչման առանձնահատկությունները եւ այդ ճանապարհին ծառացող խոչընդոտները»։

Մեկ հատուկ օր տրամադրված էր ՀԱԱՀ-ի վերաբերյալ շնորհանդեսին։ Ներկա 40-50 ուսանողներին եւ աշխատակիցներին պարոն Համբարձումյանը ներկայացրեց ՀԱԱՀ-ի տեսլականը, կրթական ծրագրերը, գիտական ուղղություններն ու հնարավորությունները, նորարարական կենտրոնները, ինչպես նաեւ միջազգային ծրագրերը։ Հյուրընկալող համալսարանի խնդրանքով ՄԿԴ պետը առանձին շնորհանդեսով ներկարացրեց նաեւ Հայաստանի պատմությունը, լեզուն, կրոնը, մշակույթը, ազգային առանձնահատկությունները։

Շատ հետաքրքիր եւ ուսուցողական էր նաեւ այցը Շաբացի ակադեմիայի հարեւանությամբ գռնվող գյուղատնտեսության բարձրագույն դպրոց։ Այն առանձնահատուկ էր իր կազմակերպչական եւ կրթական ծրագրերով եւ խիստ տպավորիչ։ Դպրոցը (նաեւ՝ ակադեմիան) գտնվում էր քաղաքի արվարձանում, ուներ մի քանի տասնյակ հեկտար հողատարածք, սեփական ձիաբուծարան եւ ձիարշավարան, տարատեսակ ընտանի եւ վայրի կենդանիներ, ինչպես նաեւ ջերմատներ, պտղատու այգիներ եւ այլն։ Ամենատպավորիչն այն է, որ այդ ամենը մշակում եւ խնամում են դպրոցի աշակերտները՝ համապատասխան մասնագետների հսկողությամբ։ Շաբացի բարձրագույն դպրոցն իր հնարավորություններով եւ կազմակերպչական կառուցվածքով գերազանց օրինակ է համանման այլ հաստատությունների համար։

Շաբացի ակադեմիայի գործընկերների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ համագործակցությունը կլինի շարունակական եւ դրա արդյունքները կտեսնենք մոտ ապագայում։ Նման պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ մեկ այլ միջազգային այցով Շաբացում գտնվող Հյուսիսային Մակեդոնիայի համալսարաններից մեկի ներկայացուցչի հետ։