Այլ կարծիքներ ու այլ զգացումներ Ագրարային համալսարան այցելելուց հետո․ կողմնորոշում

Մասնագիտական կողմնորոշման նպատակով դպրոցականների ինտենսիվ այցելությունները Ագրարային համալսարան շարունակվում են։ Անցյալ շաբաթվա վերջին եւ այս շաբաթվա առաջին այցելությունները եղել են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի թիվ 1 ավագ եւ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի միջնակարգ դպրոցներից։

Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինն, ինչպես միշտ, հետաքրքիր տեղեկություններ եւ շրջայց էր կազմակերպել կոտայքցի եւ արարատցի դպրոցականների համար, որոնցից շատերի, եթե ոչ բոլորի համար, հայտնություն էին ինքնին Ագրարային համալսարանը, շուկայում մեծապես պահանջարկված, լավ վարձատրվող աշխատանք ապահովող ագրարային մասնագիտությունները, մրցունակ ուսանողակենտրոն միջավայրը եւ նորարարական ենթակառույցները։

Աշակերտները եւ նրանց ուղեկցող մանկավարժները հաճույքով կապեր հաստատեցին կարիերայի բաժնի եւ համալսարանի այլ պատասխանատուների հետ։ Ոմանք խոստովանեցին․ Ագրարային համալսարանի մասին կամ մակերեսային կամ էլ թյուր պատկերացում ունեին։ Իսկ հիմա համալսարանին հրաժեշտ տվեցին բոլորովին այլ զգացումներով։ Նաեւ հետաքրքրությամբ իմացան ԿԳՄՍ նախարարության՝ մարզային դպրոցներում ագրոտեխնոլոգիական թեքումով դասարաններ բացելու որոշման մասին, որը մեծապես կօգնի նրանց շարունակել կրթությունը ագրարային ոլորտում։