ՀԱԱՀ-ի եւ «Մաունթեն Բիֆ Քոմփանի» ՍՊԸ միջեւ գործակցության հուշագրի ստորագրումից մեկ շաբաթ անց Անասնաբուծության ամբիոնի վարիչ Տիգրան Չիթչյանը «շտապեց» իրականացնել առաջին միջոցառումը հուշագրի շրջանակում՝ օրգանական գյուղատնտեսություն ուսումնասիրող մագիստրոսների համար կազմակերպելով դասախոսություն «Օրգանական տավարամսի արտադրության կազմակերպումը» թեմայով։ Հրավիրված դասախոսը ընկերության հիմնադիր Աշոտ Պողոսյանն էր։
Ուսանողներին օրգանական անասնաբուծության սկզբունքներին եւ պահանջներին ծանոթացնելուց հետո պարոն Պողոսյանն անդրադարձավ մինչ օրս մեր երկրում մասնագիտացված մսային ուղղվածության տավարաբուծության բացակայության խնդրին: Նա նշեց, որ կաթնային եւ կաթնամսային կենդանիների «հիմնական գործը» կաթի արտադրությունն է եւ անմտություն է սպասել չափորոշիչներին համապատասխանող որակով մսի արտադրություն:
Ահա այս բացը լրացնելուն էր ուղղված երկու տարի առաջ Աբերդին Անգուս ցեղատեսակի 33 երինջների ներկրումը, որոնք արդեն ծնել են եւ շատ լավ հարմարվել Տավուշի բարձրադիր արոտների բնակլիմայական պայմաններին՝ գրեթե ամբողջ տարին պահվելով ազատ արոտային պահվածքով։ Կենդանիները ոչ միայն չեմ մրսում մինչեւ -20 աստիճան ցրտից, այլեւ նույնիսկ քաշաճ ունենում, իսկ քամոտ ու խոնավ եղանակին տեղափոխվում են արոտավայրում գտնվող եռապատ շինություն։
Բանախոսը ներկայացրեց տասնյակ տարիներ չօգտագործված բարձրակարգ արոտների մեծ ներուժը, որը մեծ հնարավորություններ է տալիս հաջողությամբ զբաղվել օրգանական մսի արտադրությամբ։ Պարոն Պողոսյանի ուսումնասիրությունները ցույց են տվել, մասնավորապես, որ այդպիսի արոտներում ոչ միայն սպիտակուցի պարունակությունն է բարձր, այլեւ բուսակացքի մոտ 60%-ը նույնիսկ արժեքավոր դեղաբույսեր են:
Մագիստրանտներին հետաքրքրում էին բազմազան հարցեր՝ արոտային պահվածքի պայմաններում կենդանիների «չմրսելուց» մինչեւ արոտների դեգրադացման խնդիրները, ռոտացիոն արածեցման՝ միջազգային փորձի հիման վրա «Մաունթեն Բիֆ Քոմփանի» ընկերության մշակած համակարգի արդյունավետ կիրառումը (արոտի բերքատվությունը բարձրանում է մինչեւ 20-30%-ով), օրգանական «մարմարյա» տավարամիս ստանալու համար կենդանիներին ներկայացվող պահանջները, արտադրված մթերքի իրացման հնարավորությունները (պարոն Պողոսյանն ասում է՝ անսպառ են):
Բովանդակալից դասախոսության ավարտին պարոն Չիթչյանը շնորհակալություն հայտնեց պարոն Պողոսյանին, իսկ վերջինս հավաստիացրեց, որ միշտ պատրաստ է եւ մեծ սիրով է ընդունում նման հրավերները, հավելելով, որ այս պահին իրենց տնտեսությունում դիպլոմային աշխատանքներ են կատարում Անասնաբուծություն մասնագիտության երկու ուսանողներ, որոնց ամբողջ կենցաղը տեղում ապահովում է տնտեսությունը։