Վերապատրաստումներ. Իսկական վերապատրաստումը հենց էսպես պիտի լինի

Կենսագործունեության անվտանգության ամբիոնում մեկնարկեց վերապատրաստման գործընթացը: Այսօր, մայիսի 4-ին դասընթացի թեման էր անվտանգության համակարգերի նախագծումը ու կառավարումը: Բանախոսն էր տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտի տնօրենի ռեֆերենտ Գեորգի Գյոլեցյանը:

Հաջորդ շաբաթ կդիտարկվեն աշխատանքի եւ շրջակա միջավայրի անվտանգության հարցերը: Երկու թեմայի համար նախատեսված է 10-ական ժամ:

Ինչպես վերապատրաստման մյուս բոլոր լսարաններում, երկու կողմում էլ իրենց մասնագիտության, ընտրած ոլորտի, ասպարեզի գիտակ, կայացած մարդիկ էին: Լուծման կարոտ հարցեր՝ որքան ուզեք, քննարկման ընթացքը բարյացակամ՝ բուռն: Հարցնում են, պատասխանում, շտկում, լրացնում, համաձայնում՝ գալիս են ընդհանուր հայտարարի:

Ամբիոնի վարիչը՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Հակոբյանն ասում է. «Գիտեք, վերապատրաստման ընթացքը հենց այսպիսին պետք է լինի աշխույժ, նույնիսկ աղմկոտ»:

Աղմուկ իհարկե չկար: Ամեն ինչ շատ քաղաքակիրթ էր, փոխադարձ հարգանքով եւ վստահությամբ շաղախված. հարգանք եւ վստահություն, որ համագործակցության ու հաջողված գործընկերության արդյունքն են: