Ստարտափ գաղափարներից չորսը հաղթեցին մրցույթում

Սեպտեմբերի 25-ին ՀԱԱՀ ագրոտեխնոլոգիական ինկուբատորի ImpactAIM ANAU AgriTech Accelerator https://anau.am/impact-aim-anau-agritech-accelerator/ ծրագրի ցուցադրական օրն էր, որին մասնակցեցին նախապես մրցութային կարգով ընտրված 13 ստարտափ թիմեր: Նրանք ներկայացրեցին գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերների՝ իրենց նորարարական  լուծումները:

Ցուցադրական օրվա բացման եւ ողջույնի խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Միջոցառումը ողջունեցին եւ արժեւորեցին ՄԱԿ-ի ԶԾ-ի, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի, Հայբիզնեսբանկի, Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) ներկայացուցիչները:

Ստարտափ գաղափարների երեք կատեգորիաների համար սահմանված էին 6000 դոլարի եւ 10000 եվրոյի մրցանակներ:

Առցանց, ֆեյսբուքյան ուղիղ եթերով անցկացված ցուցադրական օրվան մասնակցող թիմերից 7-ը Հայաստանից էին եւ 6-ը՝ արտերկրից: ՀԱԱՀ ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի ղեկավար Հովհաննես Երիցյանի փոխանցմամբ, գաղափարների «մրցավազքի» ավարտին միջազգային ժյուրին հայտարարեց հաղթող 4 թիմերի անունները՝ երեքը Հայաստանից եւ մեկը Տանզանիայից: Իրենց նորարարական գաղափարներն իրականացնելու համար Agrosoko (Տանզանիա) եւ Գրին ստար թիմերը ստացան 3000-ական դոլար, իսկ Սմարթ տերեւ եւ Ֆուդհաբ թիմերը՝ 5000-ական եվրո:

ImpactAIM ANAU AgriTech Accelerator-ը ՄԱԿ-ի ԶԾ-ի ImpactAim Venture Accelerator-ի ծրագիրն է, որը համատեղ իրականացվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի, ICARE հիմնադրամի, Նեյշն ին էքշն հարթակի, Հայաստանի ազգային ՌԶՆ նորարարությունների լաբորատորիայի, Ասիական զարգացման բանկի ADB Ventures ներդրումային ծրագրի եւ EFSE-ի հետ: