Ուսումնական գործընթաց. մեկնարկեց մագիստրոսական միանգամայն նոր կրթական ծրագիրը

Այսօր, սեպտեմբերի 14-ին, ուսումնական տարվա մեկնարկի առթիվ մագիստրանտներին շնորհավորեց ու բեղուն աշխատանք մաղթեց ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը: Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա կրթական ծրագիրը նոր է եւ էապես տարբերվում է նախորդ համանմաններից:

Դեկանը ներկայացրեց պարտադիր եւ կամընտրական դասընթացները, որոնք պետք է ուսումնասիրեն երիտասարդները: Դասերը տեղի են ունենալու երեկոյան՝ 18:30-ից սկսյալ, որ կարողանան համատեղել աշխատանքն ու ուսումնառությունը: Կգործի դասավանդման հիբրիդային եղանակը: Հիմնական ծանրաբեռնվածությունը բաշխված է շաբաթվա առաջին չորս օրվա վրա: Շրջափոխում չի նախատեսվում, քանզի ուսումնառության տեւողությունը մեկ տարի է: Զեղչեր բուհը կիրականացնի երկրոդր կիսամյակից: Ուսման վարձի քառորդ մասը պետք է մուծեն սեպտեմբերին, մնացյալը՝ ազատ ժամանակացույցով:

Մագիստրոսական ավարտաճառերի ծավալը անհրաժեշտ է էապես կրճատել՝ համոզված է դեկանը: Փոխարենը պետք է հստակ լինեն թեզի կատարման գործիքակազմը, սկզբնաղբյուրները (ակադեմիական ազնվությունը գիտության ասպարեզում առաջին քայլերը կատարողների համար ամենակարեւորն է) եւ իհարկե, կենսունակ ու կիրառելի՝ առաջարկությունները:

Մագիստրանտների շարքերում է վաղվա մեր գիտական ներուժը: Այսօրվա երիտասարդները բացառիկ հնարավորություն ունեն դասախոսների հետ ուսումնասիրություններ կատարելու Արցախում, որը կնպաստի եւ հայկական երկրորդ հանրապետության տնտեսության զարգացմանը, եւ ապագա տնտեսագետների մասնագիտական փորձառության հարստացմանը:

Պրոֆեսոր Ղազարյանը իրազեկեց, որ  տնտեսագիտական ուղղվածությամբ մագիստրանտների կրթության կազմակերպման հարցերը կհամակարգի փոխդեկան Մանյա Կարապետյանը:

Հանդիպմանը ներկա էին նաեւ թողարկող՝ ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վարդան Ալեքսանյանը եւ այս մասնագիտության համար անկյունաքարային առարկայի՝ տվյալագիտության պրակտիկ լավագույն դասախոսներից մեկը, տնտեսագիտության թեկնածու Գեւորգ Քեշիշյանը:

Երկու շաբաթից կմեկնարկեն ագրոբիզնես եւ ֆինանսներ (1,5 տարի տեւողությամբ), ինչպես նաեւ ագրարային մենեջմենթ (2 տարի) կրթական ծրագրերը: Ընդ սմին, ագրարմենեջմենթի գերմանալեզու հոսքի մագիստրանտները մեկ տարի կսովորեն Գերմանիայում: Հպարտորեն նշենք, որ մեր բուհը միակն է, որի հետ համագործակցությունը իսկապես գոհացնող է եղել եւ գերմանական կողմի հետ միասին տրվում են կրկնակի դիպլոմներ: Կրկնենք՝ մենք միակն ենք: Թեեւ հետխորհրդային երկրներից՝ Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի ագրարային բուհերից շատերն են երազում այդ մասին: