Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի հետ զրույցը երբեք չի կարող տեւական ու առանց ընդհատումների լինել: Անվերջանալի հարցերով, խորհրդակցելու խնդրանքով դիմում են գործընկերները, ուսանողները, շրջանավարտները, անգամ ծնողները: Եւ նա հանգիստ, պատրաստակամորեն, հանգամանորեն պատասխանում, հստակեցնում է բոլոր խնդիրներ:
Այսօր մեր զրույցը դարձյալ ընդհատվեց՝ երկրորդ կուրսեցիները Zoom հարթակում հանդիպման էին հրավիրել դեկանին: Նրանց հուզում էին շրջափոխման արդյունքները, միջանկյալ քննություններ լինել-չլինելու, լինելու դեպքում ձեւաչափի հարցերը: Պրոֆեսոր Ղազարյանը համբերատար պատասխանում էր բոլոր հարցերին: Ասում է, որ միջանկյալիների ձեւաչափը՝ թեստ, թե քննատոմս, կարող են համատեղ քննարկել եւ ընտրել:
– Բայց մենք, իրավիճակի հետ կապված, հակված չենք միջանկյալներ հանձնելու,- տրտնջում է ուսանողուհին:
Դեկանը հիմա էլ մանրամասն բացատրում է, որ միջանկյալ քննությունները հօգուտ ուսանողի են իրականացնում, եւ լավ հնարավորություն են ընդգրկուն առարկաները մաս առ մաս յուրացնել-հանձնելու: Ինչ մնում է իրավիճակին… «Պետք է ոգով ամուր լինենք բոլորս, կոտրվելու, անկումային տրամադրության մեջ ընկնելու իրավունք չունենք: Ռազմադաշտում կռվող զինվորը պետք է համոզված լինի, որ թիկունքը ամուր է, անկոտրում»,- քաջալերում է դեկանը եւ ուսանողների տրամադրությունը ակնհայտորեն փոխվում, թուխպը ցրվում է:
Ուսանողները ունեն իրենց մտահոգությունները, խնդիրները լսող-հասկացող-հասանելի դեկան, եւ սա է մեր համալսարանի սովորական գործելակերպը: