Շիրակցիները ՀԱԱՀ մասնագետից գիտելիքներ են ստանում վնասատուների դեմ պայքարի մասին

Ագրարային համալսարանի մասնագետները գործնական մասնագիտական գիտելիքները ֆերմերի սեփականությունը դարձնելու համար արդյունավետորեն են օգտագործում յուրաքանչյուր հնարավորություն, այդ թվում՝ գործընկեր կազմակերպությունների օժանդակությամբ։ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի եւ Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի՝ ԱՄՆ ՄԶԳ-ից ֆինանսավորվող՝ «Գյուղական տնտեսական զարգացում – նոր տնտեսական հնարավորություններ» նախագծի շրջանակում ՀԱԱՀ Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Ավագյանն այս անգամ Շիրակի մարզի Ազատան համայնքում էր։

Տեղի եւ մարզի այլ համայնքներից եկած ֆերմերների համար տիկին Ավագյանն անցկացրեց «Վնասակար օրգանիզմների դեմ ինտեգրացված պայքարը որպես պեստիցիդների օգտագործման նվազեցման միջոց» թեմայով դասընթաց։ Գործնական դասընթացը շիրակցիների համար հետաքրքիր ու կարեւոր էր ոչ միայն վնասատուների դեմ պայքարի՝ իրենց անծանոթ մեթոդների ու միջոցների մասին իմանալու, այլեւ թունաքիմիկատների նվազեցման կարեւոր խնդրի լուծման առումով։ Սննդամթերքի անվտանգության տեսակետից այս խնդրի լրջությունը գնալով ավելի հստակ են հասկանում թե սպառողները եւ թե իրենք՝ ֆերմերները։

Այս իմաստով դասընթացի մասնակիցները դոցենտ Ավագյանից գործնական կարեւոր գիտելիքներ ստացան վնասատուների դեմ ինտեգրացված պայքարի (ՎԴԻՊ) հիմնական սկզբունքների, գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության տեխնոլոգիայում ՎԴԻՊ-ի կիրառման, «Պեստիցիդների գնահատման զեկույց եւ ավելի անվտանգ օգտագործման գործողությունների պլան» կանոնակարգով (PERSUAP) թույլատրված պեստիցիդների օգտագործման եւ հարակից այլ հարցերի վերաբերյալ։

Ինչպես ընդունված է տիկին Ավագյանի անցկացրած դասընթացների ժամանակ, դասընթացի ավարտին ֆերմերները շահագրգիռ քննարկում ունեցան ՀԱԱՀ մասնագետի հետ՝ համայնքներում առկա կոնկրետ խնդիրների ու դրանց հավանական լուծումների շուրջ։