Մեր հարցերին պատասխանում է ՀԱԱՀ-ի ԲՏՄ գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գայանե Սարգսյանը

-Ի՞նչ գործունեությամբ է զբաղվում Ձեր ղեկավարած Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը, ի՞նչ գիտական թիմով և ի՞նչ ծրագրեր են իրականացվում, հատկապես վերջին մեկ տարում: Նաև համավարակի օրերին: 

– Արարատի մարզի Դարակերտ համայնքում  գտնվող մեր գիտական կենտրոնը հիմնադրել է անվանի ընտրասերումնաբան Անահիտ Անանյանը` 1949 թ.-ին, որպես «Սելեկցիոն-սերմնաբուծական հանրապետական կայան»: 1993թ.-ին այն վերանվանվել է «Բանջարաբոստանային մշակաբույսերի գիտահետազոտական ինստիտուտի», իսկ 1998թ.-ին` «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի»:  Ունենք 28,5 հա գյուղատնտեսական օգտագործելի հողատարածք, որից 22,0 հա-ն՝ վարելահող, 0,6 հա-ն՝ ապակեպատ ջեռուցվող և 0,08 հա-ն՝ թաղանթապատ չջեռուցվող ջերմատներ: Ունենք 17 գիտնական աշխատակիցներ, որոնցից 2-ը դոկտորներ են, նույնքան էլ դոկտորանտներ, 9-ը՝ թեկնածուներ, 3-ը՝ հայցորդներ: Կենտրոնն ունի պրակտիկ գիտահետազոտական աշխատանքներով զբաղվող 5  բաժին և մեկ լաբորատորիա:

Վերջին տարիներին կենտրոնը տեխնոլոգիապես բավականին վերազինվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ: 2015թ.-ին կենտրոնին տրամադրվել են բանջարաբոստանային մշակաբույսերի սերմարտադրության ամբողջ գործընթացի հոսքագծեր, ինչպես նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ «Պետական կառույցների կարողությունների հզորացում» ծրագրի կողմից՝ սածիլների արտադրության հոսքագծեր ու լաբորատոր սարքավորումներ: Վերանորոգվել է 0,6 հա ապակեպատ  ջերմատունը:

Մեր կենտրոնը Հայաստանում գոյություն ունեցող բանջարաբոստանային մշակաբույսերի սերմնաբուծությամբ, սերմերի և սածիլների արտադրությամբ զբաղվող միակ գիտական օջախն է: Համավարակի այս փուլում, որոշակի դժվարություններով հանդերձ, շարունակում ենք գիտահետազոտական աշխատանքները, երկիրն ապահովելով սեփական արտադրության բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի  բարձր վերարտադրության սերմերով:

– Վերջին տարիներին կենտրոնում նոր սորտեր ստացվե՞լ են: Գիտական ի՞նչ աշխատանքներ են կատարվել: Կենտրոնի գործառույթների մեջ ի՞նչն է առաջնային՝ նոր սորտերի ստացումը  տեղակա՞ն հումքի բազայի վրա, թե՞ նաև ներմուծվածի:

– Կենտրոնում կատարվող գիտական աշխատանքների նպատակն է ստեղծել  նոր, մրցունակ, երկրի տարբեր բնակլիմայական պայմաններին հարմարված, բերքատու, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ համեմատաբար դիմացկուն, պտուղների որակական բարձր հատկանիշներով օժտված, թարմ օգտագործման և վերամշակող արդյունաբերության պահանջարկը բավարարող բանջարաբոստանային մշակաբույսերի սորտեր և հիբրիդներ, ստանալ դրանց բարձր վերարտադրության   անհրաժեշտ քանակի սերմեր, ինչպես նաև մշակել բույսերի աճեցման և բանջարեղենի վերամշակման  համար նոր տեխնոլոգիաներ:

Կենտրոնի կենսաքիմիայի լաբորատորիայում կատարվում է ստացված սորտերի և հիբրիդների պտուղների որակական ցուցանիշների գնահատում, որոշվում է չոր նյութերի, շաքարների, վիտամինների, նիտրատների պարունակությունը: Ստացված սորտերին տրվում է նաև տեխնոլոգիական գնահատական: Ուսումնասիրելով ստացված սորտերի և հիբրիդների կենսաքիմիական և տեխնոլոգիական առանձնահատկությունները, մշակվում են պահածոյացման նոր բաղադրատոմսեր և արտադրությանն  առաջարկվում պահածոների  (մարինադներ, մուրաբաներ, լեչո, կետչուպ և այլն), ճաշային կիսաֆաբրիկատների և մանկական սննդի նոր տեսականի: Վերջին շրջանում կենտրոնում մշակվել և արտադրությանն է առաջարկվել ևս 32 անուն բաղադրատոմսեր` մարինադներ, մուրաբաներ, աղանդային պահածոներ և այլն:

Այստեղ կատարվում են նաև բանջարաբոստանային մշակաբույսերի հիվանդությունների ախտորոշման աշխատանքներ ժամանակակից ՊՇՌ իրական ժամանակում մեթոդով (PCR Real time)։ Կատարվում է մշակաբույսերի տարածված բակտերիալ, սնկային և վիրուսային հիվանդությունների մշտադիտարկում բաց գրունտում և ջերմատնային տնտեսություններում։

Լաբորատորիայում կատարվում են նաև կենսաքիմիական ուսումնասիրություններ սպեկտրոֆոտոմետրիկ չափումների օգնությամբ, որոնք թույլ են տալիս բույսերում, պտուղներում որոշել շաքարների, վիտամինների, ֆերմենտների քանակները, ինչպես նաև որոշել ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի քանակները։

Կենտրոնում գիտական աշխատանքներ են իրականացվում նաև  բանջարաբոստանային մշակաբույսերի գենետիկական ռեսուրսների պահպանման և ուսումնասիրման ուղությամբ: Այստեղ պահպանվում է տեղական սորտերի և պոպուլյացիաների հարուստ գենոֆոնդ: Սերմերի հավաքածուի պահպանման համար ձեռք ենք բերել սառնարաններ և այլ անհրաժեշտ սաքավորումներ, որը հնարավորություն է տվել ստեղծելու երկարատև պահպանման (-18OC) և միջնաժամկետ պահպանման (+5OC)  հավաքածուներ, որոնք պահպանվում են ՊԳԿ-ի գենբանկերի չափորոշիչներին համապատասխան: Ստեղծվել է նաև փաստաթղթավորման նոր համակարգ՝ կիրառելով պիտակավորման ժամանակակից մեթոդներ: Դա ավելի արդյունավետ է դարձնում հավաքածուի կառավարումը, ընդլայնում գենետիկական ռեսուրսների օգտագործումը ընտրասերման աշխատանքներում:

Այստեղ ստեղծվել և շրջանացվել են 18 մշակաբույսերի 147  տեղական սորտեր և հիբրիդներ, որոնք գրանցված են ՀՀ սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում:

Կենտրոնի գիտնականները տեղական և արտասահմանյան պարբերականներում և գիտաժողովների հրատարակություններում հրատարակել են 2022 գիտական հոդվածներ և գիտահանրամատչելի աշխատանքներ:

Գիտական կենտրոնում դասական ընտրասերումնաբանությանը զուգահեռ կիրառվում են նաև կենսատեխնոլոգիական մեթոդներ, որոնցով ստացվել և շրջանացվել են պոմիդորի Լուսարփի, վարունգի Զովասփյուռ, բադրիջանի Սևուկ հիբրիդները,  քաղցր տաքդեղի Սաթե և Մանանա,  կծու տաքդեղի Առաջնեկ և Արեգ և այլ սորտեր:

Վերջին հինգ տարիներին սորտափորձարկման են ներկայացվել բանջարաբոստանային մշակաբույսերի 35 սորտեր, որոնցից 30-ի համար կետրոնը ստացել է պետական սորտափորձարկում անցած 30 սորտերի արտոնագրեր: Ներկայում 5 նոր, հեռանկարային  սորտեր և հիբրիդներ գտնվում են  սորտափորձարկման և  գրանցման գործընթացում:

Գիտական կենտրոնը համագործակցում է ԱՊՀ և ԵՄ բազմաթիվ գիտափորձնական կազմակերպությունների հետ:

-Ինչպե՞ս եք պատկերացնում դրսից ներկրվող ամեն տեսակի անորակ, երբեմն վտանգավոր սերմերի ներկրումից երկրի գյուղատնտեսությունը պաշտպանելը: Կենտրոնի գործունեության առաջնահերթությունների մեջ այդ պաշտպանության բաղադրիչը մտնու՞մ է:

-Ներկայում սերմերի շուկայի պահանջարկի մի մասն ապահովում է մեր գիտական կենտրոնն՝ իր արտադրած հայկական սորտերի սերմերով: Մնացածը չափազանց թույլ վերահսկողության պայմաններում ներկրվող հիբրիդային սերմերն են, ընդ որում մի զգալի մասն էլ բաժին է ընկնում տարերային («սև») շուկային և գյուղացիական տնտեսություններում առանց որևէ վերահսկողության նախորդ տարվա բերքից ստացված սեփական արտադրության սերմերին: Բնականաբար   մեծ է հավանականությունը, որ չվերահսկվող սերմերի միջոցով կարող են տարածվել վիրուսային և այլ հիվանդություններ:

Գիտական կենտրոնի գործունեության առաջնահերթություններից է պահպանել  հայ ընտրասերումնաբանների կողմից ստացված տեղական հայկական  սորտերը, «ներկրվող ամեն տեսակի անորակ, հաճախ վտանգավոր սերմերի ներկրումից երկրի գյուղատնտեսությունը պաշտպանելու» համար ստեղծել նոր, պտղի  բարձր որակական ցուցանիշներով օժտված  մրցունակ սորտեր և ներդնել արտադրության մեջ, ինչպես նաև ավելացնել սերմարտադրության ծավալները: Մեր գիտական կենտրոնն այսօր ունի լայն հնարավորություններ արտադրելու և շուկա հանելու Հայաստանի պայմաններին առավելապես հարմարված տեղական բարձրորակ սորտերի    բարձր վերարտադրության սերմեր: Լայնորեն հայտնի է, որ կենտրոնը նաև սածիլների աճեցման օղակ է, որտեղ արտադրվում և ֆերմերներին են վաճառվում տեղական սորտերի  բարձրորակ սածիլներ: Անհրաժեշտ է նշել, որ տերեց-տարի ավելանում է տեղական հայկական սորտերի սերմերի և կենտրոնում արտադրված սածիլների  պահանջարկը:

– Շատերը կարոտով են հիշում լոլիկի Անահիտ և Տոկուն սորտերը: Հիմա ունենք Անահիտ, որը մեր «պապենական» հին սորտը չէ, բայց էլի բավականին համով, քաղցր լոլիկ է: Ընդհանրապես սորտային այս «փնթի» բազմազանության պայմաններում հնարավո՞ր է պահպանել տեղական մաքրասորտությունը: Մյուս կողմից ունե՞նք տեղական բարձր բերքատու սորտեր, որոնք կարող են մրցակցել ներկրվողների հետ:

– Ինչ վերաբերում է Անահիտ և Նվեր (Տոկուն) Ինչ վերաբերում է Անահիտ և Նվեր (Տոկուն) սորտերին, ցանկացողները կենտրոնից կարող են ձեռք բերել դրանց և՛ սերմերը, և՛ սածիլները: Մեզանում բարձր մակարդակի վրա են նաև սորտաթարմացման աշխատանքները, որի շնորհիվ պահպանվում է տեղական սորտերի մաքրասորտությունը: Ներկայումս գիտական կենտրոնն ունի տեղական բազմաթիվ սորտեր, որոնք որակական գրեթե բոլոր ցուցանիշներով (համային, բերքատվության, փոխադրունակության) գերազանցում են ներկրվողներին, բացառությամբ թերևս պահունակության: Դրանք ներկայացված են կենտրոնի 2020-2021թթ. «Բանջարաբոստանային մշակաբույսերի սորտերի և հիբրիդների կատալոգ»-ում:

– Նշեցիք, որ կենտրոնում սածիլների աճեցում և վաճառք կա: Ի՞նչ մշակաբույսեր են աճեցվում, ի՞նչ պայմաններով վաճառվում: Դա հասանելի՞ է բոլորին: Ցանկացողներն ինչպե՞ս գտնեն Ձեր արտադրանքը:

– Գիտական կենտրոնում, բաց և պաշտպանված (ջերմատների) գրունտի համար, աճեցվում են տեղական բոլոր սորտերի սովորական և թաղարային սածիլներ: Իհարկե, դրանք հասանելի է բոլորի ցանկացողների համար։ Մեր հեռախոսահամարն է՝ 044 09 09 71: