Մեր կայացած, զորեղ փաղանգը․ հազար թելով հայրենիքի հետ կապված

Արմեն Հակոբյանը ծնունդով Ջավախքից է, Զակ գյուղից: Երբ մասնագիտություն ընտրելու կարեւոր պահը եկավ, առանց վարանելու դիմեց Ագրարային համալսարան: Հայրն էլ մասնագիտությամբ գյուղատնտես է, իր գործին անմնացորդ նվիրված, աշխատող, արարող հայ: Նա քայլեց իր հոր դժվարին, սակայն պատվաբեր, արժանապատիվ ճանապարհով:

Արմենն ավարտել է տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսներ եւ վարկ բաժինը: Այսօր ապրում է Մոսկվայում, կայացած գործարար է: «Սարի պես» միշտ կանգնած է օգնության կարոտ հայրենակիցների կողքին: Աջակցում է աննկատ, առանց ծնծղաների ու թմբուկների:

Օտար ափերում կայանալ, ոտքի կանգնելը հեշտ բան չկարծեք: Սա նշանակում է «բնիկներից» հազար անգամ ավելի ստեղծագործ լինել, հազար անգամ ավելի ջանասեր, հազար անգամ ավելի նպատակասլաց, որ նրանք տեսնեն ու հասկանան՝ դու անմրցակից ես, առաջատար:

Հայրենիքից հեռու ծնված որդուն ու դստերը դաստիարակում է ավանդական կանոններով, կարինցի պապերի նիստ ու կացով․ խիստ է, բայց սիրառատ:

Ամեն տարի ընտանիքով ասես ուխտագնացության էր գալիս Հայաստան-Ջավախք-Արցախ եռամիասնություն: Հասկանալի պատճառներով այս տարի այցը չկայացավ: Բայց Մոսկվայում էլ կարեւոր գործեր կային: Մասնավորապես, «Հայկական ծիրան» նորօրյա էպոպեան հաղթական ավարտ ունեցավ ռուսաստանաբնակ մեր հազարավոր հայրենակիցներից յուրաքանչյուրի եւ բոլորի համատեղ ջանքերով։