Մեկնարկեց ապագա ագրոճարտարագետների վերապատրաստումը Թումո լաբորատորիաների մասնագետների ուժերով

Այսօր՝ հունվարի 13-ին մեկնարկեց ԵՄ ԹՈՒՄՈ համալիր նախագծի Թումո լաբորատորիաներ կրթական ծրագրի մասնագետների ուժերով ֆակուլտետի ավարտական կուրսի ընտրված ուսանողների վերապատրաստման դասընթացը: Այսպիսով, Թումո լաբորատորիաների եւ ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի միջեւ սկսված գործակցությունը թեւակոխում է գործնական փուլ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դասընթացը վերաբերում է բույսերի ջրման եւ օդի, հողի խոնավության, ջերմաստիճանի, լուսավորվածության եւ այլ պարամետրերի դիտարկման ավտոմատ համակարգերին: Վերապատրաստման համար ընտրվել է Էրասմուս+ ՀԳ 2-ի TOPAS ծրագրի շրջանակում վերանորոգված ու կահավորված լսարանը: Ընդհանուր առմամբ, վերապատրաստման դասընթացը կտեւի 60 ժամ եւ կավարտվի համապատասխան հավաստագրերի հանձնմամբ, անշուշտ՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու պարագայում:

Առաջին օրը ուսանողները ծանոթացան ծրագրավորման Arduino հարթակին եւ C++ լեզվին, ինչպես նաեւ ստացան դասընթացի համար անհրաժեշտ սարքեր ու սենսորներ, որոնք, ի դեպ, Թումո լաբը նվիրաբերում է համալսարանին:

Ընտրված 15 մասնակիցները ներկայացնում են Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի տարբեր մասնագիտություններ: Ընտրության համար հիմք են ծառայել ծրագրավորումից, տեխնոլոգիական լուծումներից «գլուխ հանելը», անգլերենի որոշակի պաշար ունենալը եւ գյուղատնտեսության ոլորտում արդիական տեխնոլոգիաներ կիրառելու հանդեպ հետաքրքրությունը:

Դասընթացը ապագա ագրոճարտարագետներին հնարավորություն կտա ստացած գործնական գիտելիքների ու հմտությունների օգտագործմամբ գարնանը ավարտին հասցնել 2-րդ մասնաշենքի բաց տարածքում պատրաստված «կանաչ պատը» եւ այնտեղ գործի դնել բույսերի աճի ու կառավարման վերոնշյալ ավտոմատ համակարգերը: Մինչ այդ, ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը Թումո լաբորատորիաների պատվիրակությանը հաճույքով ցույց տվեց պատը, ինչպես նաեւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում անցյալ տարվանից գործող ուղղահայաց գյուղատնտեսության ուսումնական փոքրիկ տեղամասը:

Հաջորդ փուլում նախատեսվում է համանման դասընթաց իրականացնել ավելի ցածր կուրսերի ուսանողների համար: