«Մարտական խաչի» մեր ասպետները՝ Արսենը, Էմինը, Գագիկը

Էմին Երիցյանը Ճամբարակից է, Թթուջուր գյուղից: Ագրոնոմիականի ուսանող դարձել է ավագ եղբոր օրինակին հետեւելով: 2018-ին, առաջին կիսամյակից հետո մեկնեց ծառայության: Հակատանկային ուժերում էր: Գյումրիում վեցամսյա ուսումնառությունն ավարտելուց հետո ծառայության հիմնական վայրը դարձավ Որոտանը:

«Դեռ հունիսից թշնամու ԱԹՍ-երը հաճախ էին հայտնվում երկնակամարում: Սեպտեմբերի 25-ին տագնապով մեզ տեղափոխեցին Ջրական: 27-ին առաջին անգամ խփեցին, բայց չպատկերացրեցինք, տեղեկություն չունեինք, որ պատերազմ է սկսվել»:

Էմինը անկիրք, արագ-արագ պատասխանում է հարցերին: Դեմքը ոչ մի զգացմունք չի արտահայտում՝ ո´չ վախ, ո´չ թախիծ, ո´չ ինքնավստահություն, ո´չ իր կարեւոր դերի մասին համոզմունք, ոչի´նչ: Հավանաբար 1000 անգամ կրկնվել են այդ կպչուն հարցերն, ու մի նպատակ ունի՝ պատասխանի-պատմի ու գնա: Գնա եւ չհիշի, չմտաբերի, չվերապրի… գեհենը:

Երբ «Ֆագոտի» պաշարը սպառվեց, նոր զինատեսակ բերեցին միանգամայն անծանոթ՝ «Կոռնետ»: Զինակցի, դարձյալ մեր համալսարանի ուսանող Գագիկ Դավթյանի, հետ միասին երկու ժամում սովորել են կիրառել եւ՝ փայլուն կիրառել: Էմինն ու Գագիկը Առաջամուղ գյուղի մերձակայքում թշնամու երեքական տանկ են շարքից հանել. «Մեր դիրքը հարմար էր, նրանց հրետանին անզոր էր»,- շտապում է բացատրել, որ հանկարծ մտքներովս չանցնի իրենց հերոսացնել: Պարզապես, դիրքն էր հարմար եղել…

Աչքերը խոնարհած պատմում է նահատակված ընկերների մասին, որոնց փրկել չկարողացան…

Երբ նոյեմբերի 9-ին կապվել են նրանց հետ ու հրահանգել. «Չկրակեք, պատերազմը վերջացել է», չեն հավատացել. «Կարծում էինք՝ կատակում են»:

Մեր բուհից Արսենը, Էմինը եւ Գագիկը «Մարտական խաչի» ասպետներ են: Խաղաղության ասպետներ: