Հյուրընկալեցինք Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գեղեցիկ եւ ուժեղ ուսանողներին

Ավարտվեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Ագրոբիզնես», «Գյուղատնտեսագիտություն» ու «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ»  մասնագիտությունների առաջին եւ երկրորդ կուրսերի մի խումբ ուսանողների  10-օրյա ուսումնաճանաչողական այցը Ագրարային համալսարան: ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը ՇՏՀ երիտասարդների եւ նրանց ուղեկցող՝ ՇՏՀ-ի ռեկտորի տեղակալ Ա. Հարությունյանի, Արտաքին կապերի բաժնի պետ Թ. Դանիելյանի և Կարիերայի կենտրոնի ղեկավար Շ. Առաքելյանի համար հագեցած ծրագիր էին մշակել:

Շուշեցիները եղան նախ ընթերցասրահում, որտեղ, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի մասնագետ Անի Հովակիմյանը նրանց ներկայացրեց վերջին երկուսուկես տարում ՀԱԱՀ-ում իրականացվող բարեփոխումները, ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոնի վերափոխման հաջող ընթացքը:

Այցի ընթացքում ՇՏՀ պատվիրակությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու ընդհանուր քիմիայի լաբորատորիաների, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական տեխնոլոգիական կենտրոնի, ՀԱԱՀ նորարարական ջերմատան, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի աշխատանքներին՝ համապատասխանաբար Ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ Լուսինե Հարությունյանի, Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի դասախոս Նաիրա Ավետյանի, Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դասախոս Նաիրա Գասպարյանի եւ ԱՈՒԿ-ի հաղորդակցությունների մասնագետ Դավիթ Մարկոսյանի օգնությամբ: ԱՈՒԿ-ում արցախցի երիտասարդները առիթ ունեցան նաեւ ծանոթանալու ԱՈՒԿ-ի շրջանավարտ, Բյուրականում գործող «Չրի տուն» ագրոբիզնեսի հիմնադիր Աննա Հովհաննիսյանի հաջողության պատմությունը: Նրանք միաժամանակ մեծ հետաքրքրությամբ հանդիպեցին Ագրոբիզնեսի ու շուկայաբանության ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանի եւ ֆակուլտետի ամբիոնների վարիչների հետ, հաճույքով ունկնդրեցին «Հողի դաշտային հետազոտություններ» թեմայով դասընթացը, որը վարում էր Սասուն Մամաջանյանը:

Բոլոր հանդիպումներն անցան ջերմ մթնոլորտում, անկեղծ հարցուպատասխանի, ՀԱԱՀ-ի մագիստրատուրայում ՇՏՀ ուսանողների կրթությունը շարունակելու եւ առհասարակ բազմակողմանի համագործակցության հետագա զարգացման հնարավորություններին հաղորդակից դարձնելու պատրաստակամության պայմաններում: ՀԱԱՀ բոլոր պատասխանատուները, ում հետ երիտասարդները հանդիպեցին, հավաստիացրին, որ մեր համալսարանի եւ բոլոր ստորաբաժանումների դռները մշտապես բաց են Շուշիի տեխնոլոգիականի ուսանողների առջեւ, առավելեւս՝ ՀԱԱՀ-ի նորացման ու առաջընթացի պայմաններում:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի խելացի, գեղեցիկ, առաջադեմ, երբեք չկոտրվող ուսանողները համոզվեցին, որ Ագրարային համալսարանը վաղվա ուսանողին վստահաբար տալու է 21-րդ դարի կրթության եւ կարիերայի հնարավորություն: Նրանք ցանկություն հայտնեցին անպայման վերադառնալ Ագրարային, մանավանդ՝ նպատակային փորձուսուցման նպատակով: Բարեկամ համալսարանի ուսանողների այս ցանկությունն, անշուշտ, հաշվի կառնեն թե Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը, եւ թե համալսարանի եւ ֆակուլտետների ղեկավարությունը:

Ագրարային համալսարանի շրջանավարտների մասնագիտական կարիերայի լավագույն օրինակներից մեկին շուշեցիները ծանոթացան հայտնի Սպայկա ընկերությունում, որի հաջողությունը հայրենական եւ արտերկրի շուկայում կերտում են հիմնականում ՀԱԱՀ շրջանավարտները:

Մտքեր փոխանակելու, Ագրարային համալսարանի հետ ավելի սերտորեն կապվելու, ապագա պլանների մասին խոսելու եւ գինու խմելու արվեստին հաղորդակցվելու լավ հնարավորություն էր մեր համալսարանի արտադրած «Սերունդ» գինու համտեսը համալսարանի Գինեդարանում, որն ուղեկցվում էր Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Նունե Սիմոնյանի եւ ամբիոնի դասախոս Մերի Վարդանայի մասնագիտական բացատրություններով:

Արցախցի ուսանողներն առաջարկեցին “Սերունդ” գինիով խմել խաղաղության՝ վաղվա բաղձալի ու հաղթական խաղաղության կենացը: