Հավաստագրեր կոոպերատիվների նախագահների երկրորդ խմբին

Սեպտեմբերի 15-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը հավաստագրեր հանձնեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվներին տրամադրվող վարկի/լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի համաֆինանսավորման/համապարտության գործընթացի համար նախատեսված՝ գյուղատնտեսական կոոպերատիվների ղեկավարների վերապատրաստման հավաստագրային ծրագրի երկրորդ փուլն ավարտած երեք մասնակիցներին: Նրանք հաջողությամբ են հանձնել ծրագրով նախատեսված 4 առաջադրանքները:

Նախքան հավաստագրեր հանձնելը անկեղծ զրույց ծավալվեց կոոպերատիվների նախագահների, ծրագրի հիմնական դասընթացավարի՝ ռեկտոր Ուռուտյանի եւ վերապատրաստման ծրագրի համադրող Լիանա Վարդանյանի միջեւ: Եւս մեկ անգամ ընդգծելով ծրագրի եւ դրա վերապատրաստման բաղադրիչի կարեւորությունը, մասնակիցները բարձրաձայնեցին խնդիրներ առ այն, որ որոշ կոոպերատիվներ պասիվություն են դրսեւորում բանկերին ու վարկային կազմակերպություններին դիմելու հարցում, ֆինանսավորման մեխանիզմներն էլ կատարելագործելու անհրաժեշտություն կա եւ այլն:

Ռեկտոր Ուռուտյանը հետաքրքրվեց կոոպերատիվների գործերով եւ գոհունակությամբ արձանագրեց, որ ընդհանուր առմամբ կոոպերատիվները ճիշտ ուղու վրա են եւ, անկախ հանդիպող ընթացիկ դժվարություններից՝ վճռական են իրենց ծրագրերն առաջ տանելու հարցում: Պետական օժանդակությամբ իրականացվող առաջին քայլերն արդեն տպավորիչ են գործունեության իրենց համապատասխան ուղղություններով՝ այգեգործություն, անասնապահություն, ջերմատնային տնտեսություն, զուգահեռաբար՝ ռեստորանային բիզնես:

Հանդիպումը արդյունավետ էր նաեւ այն առումով, որ տիկին Վարդանյանը կոոպերատիվների նախագահների հետ պայմանավորվածություն ձեռք բերեց առաջիկայում իրենց կոոպերատիվներում ՀԱԱՀ ուսանողների արտադրական փորձուսուցումներ կազմակերպելու վերաբերյալ: