Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողները, հաջողությամբ պաշտպանելով դիպլոմային աշխատանքները, այսօր ռեկտոր Վարդան Ուռուտյանից եւ դեկան Արման Սիմոնյանից ստացան իրենց դիպլոմները: Գրադարանի բաց ոճի նոր սրահում կազմակերպված արարողությունը առաջիններից մեկն էր՝ սրահի բացումից հետո:
Ռեկտոր Ուռուտյանը ջերմորեն շնորհավորեց նորավարտ ագրարային ճարտարագետներին՝ արդեն որպես գործընկերների: Ուսումնառության տարիներին հարազատ բուհում ձեռք բերած մասնագիտական կրթությունը, գիտելիքներն ու հմտությունները ռեկտորը համարում է ներդրում շրջանավարտների եւ մեր հայրենիքի ապագայում: Նա կոչ արեց գնահատել ոչ միայն համալսարանի, իրենց սիրելի դասախոսների ջանքերն ու նպաստը, այլեւ համալսարանի գործընկերների ներդրումը՝ համալսարանը սովորելու համար ճիշտ տեղ դարձնելու գործում: Ռեկտորը խորհրդանշական համարեց, որ դիպլոմների հանձնումը տեղի է ունենում մեկ շաբաթ առաջ բացված սրահում, որի հովանավորները տարիներ առաջ համալսարանն ավարտած երեք համակուրսեցիներն են: «Վստահ եղեք, որ ձեր վերադարձը հարազատ կրթօջախ, մեր փոխադարձ օգնությունն ու գործընկերությունը մեզ համար նույնքան ցանկալի եւ սպասված կլինեն»,- ասաց պարոն Ուռուտյանը:
Իրենց ուսանողներին շնորհավորելով՝ սրտի խոսք ասացին նաեւ դեկան Արման Սիմոնյանը, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորներ Արամայիս Եսոյանը, Արմեն Մարգարյանը, Գուրգեն Եղիազարյանը եւ Հովհաննես Հակոբյանը: Նրանց խոսքը միայն դասախոսի ու ղեկավարի խոսք չէր, ակնհայտ էր այն հայրական առանձնահատուկ զգացումը, որ այս կուրսի նկատմամբ տածում են ֆակուլտետի փորձառու գիտնական-մանկավարժները: Նրանք բոլորը մեծ հույսեր են կապում իրենց սաների հետ:
Համակուրսեցիների անունից շնորհակալական խոսքով հանդես եկան Մարիան եւ Ազատը: Երկուսի խոսքն էլ սրտառուչ էր, հուզական, բայց եւ հարազատ համալսարանում ձեռք բերածը սթափ կերպով արժեւորող: «Իմ ընկերների եւ սիրելի դասախոսների առջեւ պիտի խոստովանեմ, որ ես ընդունվել եմ մի համալսարան, բայց ավարտում եմ բոլորովին մեկ այլ համալսարան: Ես շնորհակալություն եմ հայտնում նախ եւ առաջ ռեկտոր պարոն Ուռուտյանին, որին հաջողվել է նախաձեռնել եւ իրականացնել այս հրաշալի փոխակերպումը»,- ասաց Ազատը: