Էրազմուս+-ի ևս մեկ պատմություն մեր երեք ապագա գինեգործներից

2019-ին մենք մեկնեցինք Գերմանիայի Գայզենհայմի համալսարան՝ գինու միջազգային բիզնես ծրագրին մասնակցելու նպատակով: Ուսուցումը տևելու էր 10 ամիս, որը գիտելիքներ և կյանքի փորձ ձեռք բերելու լավ հնարավորություն էր:

Առանձնահատուկ տեղ էր գրավում մասնագիտական ուղղվածությամբ կատարվող աշխատանքը: Մեծ հետաքրքրությամբ այցելեցինք համալսարանի գործարան, ուսումնափորձնական դաշտեր, մասնակցեցինք գինու համտեսի դասերին, փորձերին, հետազոտեցինք խաղողի տեսակները: Ուսուցման ընթացքում խորացրեցինք գերմաներենի մեր իմացությունը, ծանոթացանք գերմանական մշակույթին ու կենցաղին: Միաժամանակ փորձեցինք մեր համակուրսեցիներին ներկայացնել Հայաստանի արվեստն ու մշակույթը, մեր ավանդույթները՝ այդ ամենը համեմելով հայկական գինիների համտեսով։

Գայզենհայմի համալսարանում մասնակցեցինք հետևյալ առարկաների դասընթացներին՝ Գինեգործություն, Քիմիա և գինու քիմիա, Մաթեմատիկա և վիճակագրություն, Շուկայավարման հիմունքներ, Բիզնեսի կառավարում, Գինու համաշխարհային շուկաներ, Կախվածությունների կանխարգելում, Միկրոկենսաբանություն և բիզնեսի գործառույթներ:

Ուշագրավ էր Ֆրանսիա կատարած ճանաչողական այցելությունը: Շամպայնի տարածաշրջանում մենք այցելեցինք շամպայնի համաշխարհային հայտնի գործարաններ, ուսումնասիրեցինք գործարանների պատմությունը, կառուցվածքը, շամպայնի արտադրման ընթացքը և մարկետինգը: Փարիզում այցելեցինք Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպութուն (OIV), որտեղ փոխտնօրեն Յան Դժուբանը  բացատրեց կազմակերպության աշխատանքն ու ներկայացրեց կազմակերպության ռազմավարական ծրագիրը 2020-2024 թվականների համար:

Աշխահում COVID-19 համավարակի տարածման հետևանքով առաջացան բավականին լուրջ խնդիրներ. համալսարանը փակվեց, և մենք ստիպված եղանք մեր ուսումը շարունակել սահմանափակումներին զուգահեռ՝ առցանց համակարգով: Այդ ընթացքում ամեն օր տեսազանգով մասնակցում էինք դասերին, կատարում խմբային քննարկումներ, անհատական առաջադրանքներ, իսկ հարցերի դեպքում օրվա ցանկացած պահի կարող էինք դիմել դասախոսին: Իրավիճակը թեթևանալուն պես Գինու միջազգային ոլորտ, Գինու գնահատում, Զգայական գնահատում առարկաները սկսեցինք նորից կատարել դասասենյակային պայմաններում:

Մենք վերադարձանք Հայաստան՝ մեր հոգում պահելով Գերմանիայի նկատմամբ ջերմ զգացումներ, անմոռաց պահեր և անշուշտ պատասխանատվության զգացում հետագա կարիերայի առումով:

Արուս Գալստյան

Դիանա Ղուկասյան

Հարություն Հարությունով