Բարի լուրերը մշտապես գերակշռում են բուհական առօրյայում, եւ դժվար թե այսօր դրանցով զարմացնես որեւէ համալսարանականի, սակայն անցնող տարվա լավագույն լուրերից մեկն արժանի է մեր անդրադարձին:
Խոսքը «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» պարբերականի վարկանիշային թռիչքի մասին է: Եվ այսպես, անցած տարեվերջին Գիտական տեղեկատվության վերլուծության եւ մոնիթորինգի կենտրոնն ավարտեց հայաստանյան ամսագրերի 2019 թ. Ազդեցության գործոնների (ArmJIF) հաշվարկը, ըստ որի՝ նշված ցուցանիշը գերազանցեց վերջին 10 տարիների արդյունքները:
«Մի բուհում, որտեղ անընդհատ փոփոխության ու զարգացման ականատեսն ենք, նման արդյունքը սպասված էր, քանի որ գիտական պարբերականը վերակերտելու համար ջանք չի խնայել թե՛ խմբագրական կոլեգիան, թե՛ հրատարակչական թիմը: Իսկ ամենից առաջ արժանին պիտի մատուցել մեր հոդվածագիրներին, ովքեր ոչ մի օր մեզ հանգիստ չտալով, բազմաբնույթ եւ արժեքավոր հետազոտություններով են ներկայացել ընթերցողներին»,- նշում է համալսարանի հրատարակչական բաժնի վարիչ, գիտական պարբերականի պատասխանատու խմբագիր Գրետա Մնացականյանը՝ հավելելով, որ դեռեւս 2019 թվականից ամսագիրը Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական եւ թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Բավարա՞ր են արդյոք ձեռքբերումները, պատասխանն աներկբա է. «Բավարար կհամարենք միայն այն ժամանակ, երբ ամսագիրը նաեւ հասանելի կլինի միջազգային հեղինակավոր գիտական շտեմարաններում, երբ կընդգրկի Հայաստանի եւ արտերկրի ընթերցողների լայն շրջանակ եւ մշտապես կծառայի մեր հռչակած նպատակներին»: Իսկ այդ նպատակներից առաջնայինը ագրարային ոլորտի խնդիրների գիտական լուծումների առաջադրումն է:
Խնդիրների լուծման մի «փունջ» էլ առաջադրված է 2020 թ. 4-րդ՝ անգլերեն համարում:
Տնտեսագիտական ուսումնասիրությունների տիրույթում կլաստերային մոդելի կիրառումն է, որի կարեւորագույն օղակ է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Նույն խորագրի մյուս հոդվածում տրված է այն հարցի պատասխանը, թե ինչպես կարելի է փոքր կապիտալ ներդրումներով գյուղատնտեսության եւ ագրովերամշակման ոլորտներում բիզնես գործունեություն իրականացնել, ընդամենը հինգ տարում գեներացնել գրավիչ դրամական հոսքեր եւ ապահովել զգալի շահույթ:
Պարբերականի ճարտարագիտական խորագրում գիշերային ՃՏՊ-ների թվերն են «խոսում»: Հեղինակների կարծիքով մեր քաղաքներում փողոցային լուսավորությունը թերի է, հարկավոր է կիրառել լամպերի դասավորության առավել անվտանգ սխեմա: Մյուս ճարտարագետը Գայի պողոտայի երթեւեկության կազմակերպման բարելավման միջոցներ է առաջարկում: Եզրահանգում է՝ երթեւեկության կառավարման ավտոմատ համակարգի ներդրումը ժամանակի հրամայական է:
Էկոլոգիայի եւ օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոնի գիտաշխատողներն ուսումնասիրել են Սոտք եւ Մասրիկ գետերի տոքսիկոլոգիական վիճակը: Դեղատոմսը՝ հանքավայրի թթվային դրենաժում, CaO-ի քանակության ավելացում: Ըստ մեկ այլ ուսումնասիրության՝ աշնանացան ցորենի ու գարնանացան գարու ցանքերը «թշնամի» ունեն, ուստի այլընտրանքային պարարտացման անհրաժեշտություն կա: Ագրոնոմները վստահեցնում են, որ շուրջ երկու տասնամայակ վնասակար կենդանի օրգանիզմների դեմ DDT չի կիրառվում, իսկ սննդի անվտանգության մասնագետներն ապացուցում՝ Արամուսի հողը դեռ չի «մոռացել» այդ արգելված նյութը: Գազարը գրավիչ է, զգուշությունն առավելեւս:
Երշիկը գնելիս սուպերմարկետու՞մ, թե տանը կտրտել… պատրաստել սովորական ձվաձե՞ղ, թե՝ կիսաեփ մխլու: Առաջին հայացքից առօրեական հարցերը լրջորեն փաստարկված պատասխաններ ունեն: Դրանք փնտրեք «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի 72-րդ համարում: