Այսօր Կոոպերատիվների միջազգային օրն է․ ՀԱԱՀ ռեկտորի ուղերձը

Այսօր՝ հուլիսի 4-ին, կոոպերատիվների միլիոնավոր անդամներ ամբողջ աշխարհում նշում են Կոոպերատիվների միջազգային օրը։ Տոնը նշվում է ամեն տարի, հուլիսի առաջին շաբաթ օրը։

Հայաստանում նույնպես արդեն տարիներ շարունակ նշվում է այս տոնը, գլխավորապես՝ գյուղատնտեսական կոոպերատիվների եւ դրանց աջակցող կառույցների եւ համագործակցող կազմակերպությունների շրջանում։ Այս տարվա գոհացուցիչ առաձնահատկությունն այն է, որ հայաստանյան կոոպերատիվ շարժման մասնակիցներն իրենց տոնը դիմավորում են զարգացման աննախադեպ ծրագրեր կյանքի կոչելու հարցում երկար սպասված առարկայական պետական աջակցության պայմաններում։

ՄԱԿ-ի եւ Կոոպերատիվների միջազգային դաշինքի որոշմամբ տոնի այս տարվա նշանաբանն է՝ «Կոոպերատիվները հանուն կլիմայափոխության դեմ պայքարի»։ Առհասարակ, սկսած 1995թ․-ից, այս երկու կառույցներն են ամեն տարի որոշում տոնի նշանաբանը։

Միջազգային կոոպերատիվ շարժման համար 2020 թվականը նշանակալի է նաեւ  այն փաստով, որ այս տարի լրացել է Կոոպերատիվների միջազգային դաշինքի (ԿՄԴ) հիմնադրման 125 տարին, կազմակերպություն, որի երկարամյա գործունեությունը մեծապես պայմանավորել է համաշխարհային կոոպերատիվ շարժման հաջողությունը, շարժում, որ այսօր դարձել է 1,2 միլիարդ անդամներից բաղկացած հզոր բանակ։ Ուրախ եմ, որ մեր երկրում եւ միջազգային ասպարեզում իմ համեստ ներդրումն ունեմ շարժման զարգացման գործում՝ որպես ԿՄԴ-ի հետազոտական խորհրդի անդամ։

Մենք շատ անելիքներ ունենք երկրի գյուղատնտեսության ոլորտում գյուղկոոպերատիների դեռ չիրացված մեծ ներուժի օգտագործման, կոոպերատիվ գաղափարախոսության տարածման ու ամրապնդման ուղղությամբ։

Այս առումով հավաստիացնում եմ, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման հարցում իր կրթական, հետազոտական եւ խորհրդատվական առաքելությանը։ Գնահատելով այդ առաքելության կարեւորությունը, ՀՀ կառավարությունը Ագրարային համալսարանի է պատվիրակել, մասնավորապես, Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երկրորդ ծրագրի շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվներին նախագահների վերապատրաստման եւ հավաստագրման ծրագրի իրականացումը։ Օրեր առաջ մենք իրականացրեցինք խրագրի առաջին փուլը։

Շնորհավորում եմ Հայաստանում գործող գյուղատնտեսական կոոպերատիվների բոլոր անդամներին, մաղթում նախեւառաջ շուտափույթ ձերբազատում համավարակից, ստեղծագործ, խաղաղ աշխատանք եւ ամենօրյա քրտնաջան աշխատանքի առավելագույն հատույց։