Ապրիլի 11-ին «Արդշինբանկի ընթերցարանում» Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում ԱԿԲԱ ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, փոխդեկաններ, ամբիոնի վարիչներ։ Քննարկման հիմնական նյութը ուսանողների փորձուսուցման եւ աշխատանքային կիսամյակի կազմակերպման խնդիրները ԱԿԲԱ ֆեդերացիայի՝ երիտասարդ տաղանդների ներգրավման ծրագրի առաջնահերթություններին ներդաշնակեցնելն էր։
Մեր գործընկերները նշեցին, որ ծրագիրն իրականացվում է նաեւ մարզերում․ մասնավորապես Շիրակի մարզում այն բավականին ակտիվ է շնորհիվ ԱԿԲԱ-ի՝ այնտեղ աշխատող ագրոխորհրդատուների, եւ հենց այս ուղղությամբ համագործակցությունը զարգացնելու հնարավորություններ կան։
Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանը, մասնավորապես, կարեւոր համարեց այն հանգամանքը, որ ՀԱԱՀ-ի տնտեսագետ ուսանողները նաեւ գյուղատնտեսական գիտելիքներ են ստանում եւ լավատեղյակ են գյուղոլորտի խնդիրներին։
ՀԱԱՀ-ի ներկայացուցիչները նշեցին, որ բուհի համար կարեւոր է իրական եւ որակյալ փորձուսուցման անցկացումը․ աշխատանքային կիսամյակի 4-5 ամիսների ընթացքում ուսանողները պետք է դառնան բանկի աշխատակիցները եւ զարգացնեն իրենց մասնագիտական կարողությունները:
ՀԱԱՀ-ը երկրի բարձրագույն կրթության ոլորտում առաջինն է իրականացնում աշխատանքային կիսամյակի գործելակերպը, եւ ԱԿԲԱ ֆեդերացիան համալսարանի այն գործընկերների անընդհատ ընդլայնվող ցանկում է, որոնք պատրաստակամ են նորարարական ու կարեւոր այս գաղափարը միասին իրականացնելու հարցում։ Այն միանգամայն համահունչ է նորարարական գյուղատնտեսությանը եւ ոլորտը երիտասարդների համար գրավիչ դարձնելու՝ ֆեդերացիայի առաքելությանը։
Տիկին Մնացականյանը առաջարկեց, որ ֆեդերացիայի ներկայացուցիչները մասնակցեն ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությանը, որոնք արդեն մեկնարկում են։ Նա նշեց, որ շատ գործատուներ հենց այդպես են ընտրում իրենց ապագա աշխատակիցներին, քանի որ այդ ժամանակ ավելի ակնառու են լինում նրանց կրթական, ինչու չէ՝ նաեւ մարդկային որակները: Աշխատակազմի ղեկավարի մյուս առաջարկը վերաբերում էր բանկի եւ ֆեդերացիայի մասնագետների ներգրավմանը կրթական ծրագրերի արդիականացման աշխատանքներին։
Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կարող են ամրագրվել համապատասխան հուշագրով կամ պայմանագրով։