2024 թ․ դեկտեմբերի 3-5-ը Պորտոյի համալսարանը հյուրընկալեց Եւրամիության կողմից ֆինանսավորվող AFISHE Էրազմուս+ ՀԳ2 (Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում Ուկրաինայում․ կրթությունից դեպի էկոլոգիա) նախագծի 4-րդ աշխատանքային հանդիպումը՝ ծրագրի առանցքային արդյունքները, առկա մարտահրավերները եւ պլանավորվող գործընթացները քննարկելու նպատակով։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ներկայացնում էին նախագծի համադրող, Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը եւ նախագծի հետազոտող-փորձագետ, Կենագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ Գայանե Մարմարյանը։ Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին նաեւ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային եւ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնների, Սումիի ազգային ագրարային եւ Ջրի եւ շրջակա միջավայրի ճարտարագիտության ազգային համալսարանների (Ուկրաինա), Դուբրովնիկի, Պորտոյի համալսարանների եւ Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանի գործընկերները։
Հանդիպումը մեկնարկեց Պորտոյի համալսարանի տեղական համադրող Ավգուստո Ֆաուստինոյի եւ Գարեգին Համբարձումյանի ողջույնի խոսքով։ Հաջորդիվ, պարոն Համբարձումյանը ներկայացրեց Եւրամիության դիտարկումները նախագծի շրջանակում կատարված գործընթացների եւ պարբերական հաշվետվության վերաբերյալ։ Համադրողը ներդրման համար երախտիքի խոսք ուղղեց գործընկերներին՝ ծրագրով նախանշված վերջնարդյունքներին հասնելու եւ ԵՄ-ի կողմից բարձր գնահատականի արժանանալու առթիվ եւ հորդորեց վճռական ուշադրություն դարձնել բարելավման ենթակա գործընթացներին՝ նախագծի պաշտոնական կայքի զարգացմանն ու տեղեկատվության տարածմանը։
Աշխատանքային փաթեթների պատասխանատուները հանդես եկան հաշվետվությամբ՝ ներկայացնելով փաթեթի շրջանակում իրականացված գործողություններն ու վերջնարդյունքները։ Քննարկվեցին Հայաստանում եւ Ուկրաինայում 3 պիլոտային եւ կատարելագործված մագիստրոսական ծրագրերի ընթացքը, մոդուլային ծրագրերի, դասավանդման եւ ուսումնառության նյութերի մշակման, ենթակառուցվածքների վերազինման՝ սարքավորումների արդիականացման եւ նոր լաբորատորիաների ձեւավորման, մարդկային ռեսուրսների կատարելագործման եւ նախագծի շրջանակում ձեռք բերված նոր սարքավորումներով աշխատելու կարողությունների զարգացման իրավիճակը։
Նախագծի համադրող Գարեգին Համբարձումյանն ուրախությամբ է արձանագրում, որ մատնանշված բոլոր վերջնարդյունքները հաջողությամբ գործարկվել են։ Մարդկային ռեսուրսի վերապատրաստումն իրականացվել է հետեւյալ ուղղություններով․ ԵՄ համալսարաններում նոր մոդուլների վերաբերյալ գիտելիքի կատարելագործում, ուսանողակենտրոն կրթության եւ դասավանդման ինտերակտիվ մեթոդների կիրառում, նոր ստեղծված լաբորատորիաներում սարքերի հետ աշխատելու կարողությունների զարգացում։ Դասախոսական անձնակազմից 44 անձ վերապատրաստվել է եւրոպական գործընկեր համալսարաններում՝ իրենց մշակած մոդուլների ուղղությամբ, 78 դասախոս վերապատրաստվել է ուսանողակենտրոն դասավանդման մեթոդների ուղղությամբ, եւս 22-ը՝ դասախոսական եւ տեխնիկական անձնակազմից, վերապատրաստվել է նորաստեղծ լաբորատորիաներում առկա սարքավորումներով աշխատելու ուղղությամբ։ Մնում է, որ բուհերն առավելագույնս օգտագործեն վերապատրաստված անձանց գիտելիքներն ու հմտությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախագծի կառավարման եւ համադրման, որակի ապահովման եւ տեղեկատվության տարածման, ֆինանսական կառավարման եւ համաֆինանսավորման հիմնահարցերն ու խնդիրների լուծման ուղիները։ Դրանք անչափ կարեւոր հարցեր էին, քանի որ AFISHE նախագիծը մտնում է ավարտական տարի եւ մեկ տարուց մասնակից համալասրանները պետք է հաշվետու լինեն կատարված աշխատանքների համար։
Հանդիպման մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց այցելել շրջակա միջավայրի եւ էկոհամակարգի հետազոտական ոլորտում առաջատար համարվող եւ Պորտոյի համալսարանի մաս կազմող CIIMAR միջգիտակարգային հետազոտական կենտրոն։ Կենտրոնի առաքելությունն է՝ խթանել տեխնոլոգիաների եւ նորարարությունների զարգացումը, նպաստել ակվակուլտուրայի եւ շրջակա միջավայրի ոլորտի քաղաքականության բարելավմանը եւ բացառիկ միջգիտակարգային, միջազգային հետազոտական հարթակի զարգացմանը։ Հատկանշական է, որ կենտրոնի անձնակազմում ներգրավված է 32 ազգության 661 աշխատակից, ներառյալ ասպիրանտները։ CIIMAR-ի հետազոտական աշխատանքներն ուղղված են օվկիանոսի էկոհամակարգի կենսաբանական, քիմիական եւ ֆիզիկական գործընթացներին, դրանցում մարդկային գործոնի ազդեցությանը ու կլիմայական գլոբալ փոփոխությունների ուսումնասիրմանը։
Նախագծի մասնակիցներին ուղեկցեցին Ջրային կենդանիների կերակրման եւ առողջության, Կերի եւ ծովամթերքի որակի գնահատման, Ձկների սննդառության եւ բարեկեցության, Ծովամթերքի անվտանգության, Ձկների կենսաբանության եւ ձկնաբուծության լաբորատորիաներ, որտեղ աշխատակիցները հանգամանալից ներկայացրեցին հետազոտություններն ու ընթացիկ գործունեությունը, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնեցին համատեղ հետազոտության հարթակներ ձեւավորելու եւ աշխատելու ուղղությամբ։
Հանդիպման երրորդ օրն ուրվագծվեցին AFISHE նախագծի անդամ համալսարանների շարունակական համագործակցության եւ դրանց միջեւ կայուն ցանցի ստեղծման հնարավոր տիրույթները՝ համատեղ գիտական հետազոտությունների, կարողությունների պարբերական զարգացման, ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության բիզնեսի հետ հնարավոր կապի ստեղծման համատեքստում։
AFISHE նախագծի անդամները աշխատաժողովի վերջին օրը մասնակցեցին ԵՄ կազմակերպած՝ 2025 թ․ Էրազմուս+ կարողությունների զարգացմանը միտված նախագծերի տեղեկատվական առցանց հանդիպմանը։ Այն կարեւոր էր մասնակիցների համար, քանի որ գրեթե բոլոր մասնակից համալսարանները ցանկություն ունեն շարունակելու առկա համագործակցությունը՝ այլ նախագծերի իրականացման միջոցով։ Բացի այդ, այս տարի կատարվել են որոշակի փոփոխություններ վերոհիշյալ նախագծային առաջարկների փաթեթներում եւ առցանց հանդիպումը նպաստեց, որ մասնակիցները տեղեկացվեն եւ պատրաստեն նոր պայմաններին բավարարող առաջարկներ։
Աշխատաժողովի ավարտին գործընկերները երախտագիտության խոսք հայտնեցին նախագծի համակարգող Գարեգին Համբարձումյանին՝ բարձր պատասխանատվության, ծրագիրն արդյունավետ համակարգելու, ծառացած խնդիրներին տրամաբանական լուծումներ տալու, ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության ոլորտում շոշափելի ներդրմանը նպաստելու համար։ Իր հերթին նախագծի համադրողը շեշտադրեց բոլոր մասնակիցների պատրաստակամ աշխատանքն ու մարտահրավերները հաղթահարելու ունակությունը, առանց որի ոչ մի նախագիծ չի կարող իրականացվել, տալ դրական արդյունքներ եւ ազդեցություն ունենալ։
Գործընկերները համոզված են, որ նախագծի առաջիկա 12 ամիսը նույնքան հաջողված կլինի՝ ոչ միայն ծրագրի վերջնարդյունքների, այլեւ ընկերների ձեռք բերման տեսանկյունից։