Գեղեցիկ հոբելյան, որ մարդու անցած ճանապարհը արժեւորելու լավ հանգրվան է

Օրերս լրացավ  ՀԱԱՀ Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի հիմնադիր տնօրեն Աշոտ Երջանիկի Ոսկանյանի ծննդյան 70-ամյակը։

Պարոն Ոսկանյանը շնորհավորանքի ու անկեղծ գնահատանքի շատ ջերմ խոսքեր լսեց հոբելյանի առթիվ կազմակերպված հանդիսության ժամանակ, որին մասնակցում էին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանը, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը, ՀԱԱՀ գիտխորհրդի անդամ Ռոզա Ծառուկյանը, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի վարչության պետ, Ոսկանյանի ղեկավարած ամբիոնի դոցենտ Իռա Փանոսյանը, տեսաուղերձով՝ ՄԱԿ-ի ՊԳԿ-ի Եվրոպական ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նախկին համակարգող Մարիա Կադլեչիկովան, ՀԱԱՀ Խաղողագինեգործության գիտական կենտրոնի նախկին տնօրեն Սամվել Գասպարյանը եւ այլք։

Բոլոր գործընկերներն էլ շատ ջերմ արտահայտվեցին պարոն Ոսկանյանի մասին, գնահատելով նրա ծանրակշիռ վաստակը թե որպես պետական պատասխանատու պաշտոններ զբաղեցրած մարդ, թե որպես գիտնական ու Ագրարայինի նվիրյալ դասախոս։ Ինչպես նշեց պրոֆեսոր Թոքմաջյանը՝ 90-ականների սկզբին, գյուղնախարարի պաշտոնում, Աշոտ Ոսկանյանը մեծ դժվարությունների միջով անցնելով, կարողանում էր լուծել երկրի առջեւ ծառացած պարենային ապահովության հրատապ խնդիրը՝ ճիշտ որոշումներ կայացնելով ու գրեթե անլուծելի հարցերի լուծումներ գտնելով ամենօրյա, ամենժամյա ռեժիմով․․․

Առանձնահատուկ սրտառուչ էին Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի աշխատակիցների խոսքն ու արտահայտած վերաբերմունքը ամբիոնի վարիչի նկատմամբ․ հոբելյանը լավագույն առիթն էր փոխանցելու գործընկերոջ, ընկերոջ ու ղեկավարի նկատմամբ անվերապահ հարգանքն ու սերը։

Սեր, որ մարդը վաղուց եւ հիմնավորապես վաստակել է հայաստանյան ու արտերկրի գործընկերների, բոլոր ճանաչողների շրջանում՝ մասնագիտական բարձր պատրաստվածության, առաջնորդի անուրանալի շնորհքի, իր օգնության ու խորհրդի կարիքն ունեցող մարդու կողքին ճիշտ պահին հայտնվելու հատկության, բոլոր պարագաներում բարեկրթության չափանիշներով առաջնորդվելու կարողության, հայի, երեւանցու առինքնող կոլորիտով։

Ագրարային համալսարանի մեծ ընտանիքը շնորհավորում է Աշոտ Ոսկանյանին՝ գեղեցիկ հոբելյանի առթիվ եւ մաղթում, որ համալսարանի ուսանողների բազում նոր սերունդներ իրենց բաժինը ստանան նրա մշտակուտակ գիտելիքներից, չսպառվող եռանդից, հայրական սիրուց ու երկրի քաղաքացու կերպարից։