Մելիորացիան բնության ճարտարապետությունն է. «Այս մասնագիտությունը ապագա ունի, գալու եմ Ագրարային»

Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Ատալյանի ամենօրյա ծանրաբեռնվածության գլխավոր բաղադրիչը եղել ու մնում է դպրոցների, միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետ գործուն-համբերատար-համառ աշխատանքը:

Օրերս հյուր էին Երեւանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցի եւ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի սաները: Ի տարբերություն առաջինների, որոնք ճանաչողական այցի էին եկել, արմավիրցիները արդեն ընտրել են Կաթիլային ոռոգման համակարգերի նախագծում եւ շահագործում մասնագիտությունը: Նրանք լավ գիտեն, հասկանում են ջրային պաշարների գրագետ կառավարման, արդյունավետ օգտագործման դերն ու նշանակությունը: Եւ ՋՀՌԿ ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի աշխույժ, անմիջական, գրեթե գործընկերային շփման ձեւը միանգամից «կաշառեց» պատանիներին.

– Շատ ճիշտ եք մտածում, երբ ասում եք՝ այս մասնագիտությունը ապագա ունի: Խելոք-բանիմաց մասնագետ դառնալը հեշտ չէ, բայց պատվաբեր ու պարտավորեցնող է: Պետք է քիմիա, մաթեմատիկա, ֆիզիկա, անգլերեն լավ սովորեք: Պետք է սիրեք ու նվիրվեք ընտրած ոլորտին: Մեր մասնագիտությունը բնության ճարտարապետություն է:

Երիտասարդները պրոֆեսորի կարեւոր պատվիրանները ըմբռնեցին, կարծում ենք կուղղորդվեն-կառաջնորդվեն դրանցով: Իսկ այցի մնացած մասը՝ ինչպես միշտ. երկու կրթական հաստատությունների սաները եղան նաեւ քիմիայի, դրոնների լաբորատորիաներում, ջերմատանը, տեսան այն առանձնահատուկ, բացառիկ հնարավորությունները, որ ընձեռում է Ագրարայինը եւ տեղեկացան աշխատանքի շուկայում մրցունակության, միջազգային համագործակցության մեծ աշխարհագրության մասին: