Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցի ուղերձը ՀԱԱՀ-ի 95-ամյա հոբելյանի կապակցությամբ

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի նախկին տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցը շնորհավորական ուղերձ է հղել ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանին՝ ՀԱԱՀ-ի 95-ամյա հոբելյանի կապակցությամբ։

Ջերմորեն շնորհավորելով նշանակալից հոբելյանի առթիվ, պարոն Վանդունցը մասնավորապես բարձր է գնահատում Ագրարային համալսարանի տասնամյակների վաստակը մրցունակ մասնագետների պատրաստման, ոլորտի գիտական ներուժի զարգացման եւ միջազգային համագործակցության ընդլայնման գործում։

«Հատուկ ցանկանում եմ ընդգծել ՀԱԱՀ-ի դերը Սյունիքի մարզում բարձրագույն կրթության զարգացման գործում։ 2004 թ․ հիմնադրված Սիսիանի մասնաճյուղը կարեւոր էջ բացեց մարզի գիտակրթական կյանքում՝ նպաստելով գյուղատնտեսության ոլորտի մասնագետների պատրաստմանը եւ երիտասարդության արտահոսքի նվազեցմանը։ Որպես Սիսիանի մասնաճյուղի նախկին ղեկավար՝ հպարտությամբ եմ հիշում իմ գործունեությունը Ագրարայինի մեծ ընտանիքում», – ասված է Տիգրան Վանդունցի ուղերձում։

Տիգրան Վանդունցի շնորհավորական ուղերձն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ։