ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ

Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում դիմավորում ենք լավատեսական սպասումներով եւ ագրոպարենային ոլորտի մրցունակ մասնագետներ պատրաստելու եւ արդյունավետ գիտական գործունեություն ծավալելու նախադրյալներն ավելացնելով։

Ագրարային համալսարանի վերջին տարիների բազմաթիվ ձեռքբերումները մեր հայրենիքի անկախության ամրապնդմանը, անվտանգության ապահովմանն ու տնտեսության զարգացմանը նպաստող էական գործոններ են։

Համալսարանում վերջին երկու տարում էապես բարելավվել են դիմորդների ընդունելության ցուցանիշները, ներդրվել են նոր, ժամանակակից կրթական ծրագրեր, ամրապնդվել ու ակտիվացել են կապերը գործատուների, միջին մասնագիտական, արհեստագործական եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ։ Ընդամենը օրեր առաջ իր տրամաբանական արդյունքը տվեց հանրակրթական դպրոցներում «Ագրոտեխնոլոգիա» դասընթացի ներդրման հետ կապված նախաձեռնությունը՝ դասընթացն ավարտած դպրոցների, ինչպես նաեւ ՀԱԱՀ վարժարանի տարբեր տարիների շրջանավարտներին հնարավորություն ընձեռվեց ընդունվելու ՀԱԱՀ բակալավրիատ՝ առանց քննություն հանձնելու։

Ագրարային համալսարանը տարեցտարի ընդլայնում է միջազգային համագործակցության սահմաններն ու բազմազանեցնում ձեւաչափերը։

Այս բոլորը Ագրարային համալսարանի ամբողջ հանրույթի՝ ուսանողության, վարչական, դասախոսական եւ ուսումնաօժանդակ անձնակազմի եւ անշուշտ մեր նվիրյալ գործընկերների բարի կամքի, ամենօրյա աշխատանքի ու հայրենասիրության դրսեւորումն է։ Համատեղ ջանքերով ու երկրի պարենային անվտանգությանը նպաստողի պատասխանատվությամբ, շարունակելու ենք Հայաստանի Հանրապետությունը խաղաղության, անվտանգության ու բարեկեցության ցանկալի հանգրվանի հասցնելու մեր բաժին գործը։

Շնորհավո´ր Անկախության տոնը եւ փա՛ռք ու հարատեւություն անկախ Հայաստանի Հանրապետությանը։