Դեկտեմբերի 26-ին համալսարանի շքասրահը տոնական հարդարանքի, սրտաբաց ժպիտների եւ վաստակած ուրախության վայր էր դարձել պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ անձնակազմերի, ուսանողների համար։ Ագրարայինցիները երախտագիտությամբ են ճանապարհում դժվարությունների, բայց նաեւ լուրջ հաջողության եւս մեկ էջ թերթած 2024-ը եւ առավել մեծ սպասումներով դիմավորում գալիք տարին։
Ներկաներին ջերմորեն ողջունեց ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը։ «Անկասկած է, որ 2024 թվականին մեր համալսարանի կյանքում գերակշռել են ցանկալի զարգացումները։ Տարեսկզբին ունեցած լուրջ մարտահրավերները կարողացել ենք պատվով հաղթահարել։ Մասնավորապես ընդունելության հարցում ընձեռված հնարավորությունը աշխատակիցների, նաեւ ուսանողների ջանքերի շնորհիվ կարողացանք հանգեցնել մեկուկես անգամ ավելի մեծ թվով դիմորդների ընդունելության։ Խորին շնորհակալություն բոլոր սրտացավ ու կարող ուժերին, որոնք իրենց աշխատանքով առհասարակ նպաստել են համալսարանի կայացմանը։ Վստահ եմ, որ առաջիկայում միասին կարող ենք հաջողություններ գրանցել ոչ միայն զուտ մարտահրավերներ հաղթահարելու, այլեւ զարգացման ու բարձր արդյունքներ ապահովելու առումով։ Վստահ եղեք՝ ջանք չի խնայվում, որ համալսարանը վերելք ապրի եւ իր պատվավոր տեղն ունենա երկրի եւ աշխարհի բուհական համակարգում։ Շատերդ գիտեք, որ վերջերս Ագրարայինը բավականին ակնառու հաջողություն է գրանցել՝ հաջողությամբ ներգրավվելով միջազգային վարկանիշավորման համակարգում եւ հետեւողականորեն պետք է բարելավի զբաղեցրած տեղը։ Մինչ այդ, ցանկանում եմ, որ 2025-ը լինի ավելի շատ դրական զարգացումներով հարուստ տարի», – ասաց պարոն Զաքոյանը։
Նա շնորհավորեց ներկաներին Ամանորի եւ Սուրբծննդյան տոների կապակցությամբ եւ առաջարկեց միմյանց սրտի խոսք ասել՝ համալսարանի անուշահամ «Սերունդ» գինով լի բաժակ բարձրացնելով։ Գավաթների զրնգոցով, դարերի փորձաքննությունն անցած խոսքերի ուժով եւ ազգային երաժշտության հնչյունների ներքո ագրարայինցիները ջերմորեն շնորհավորեցին միմյանց՝ մաղթելով առողջություն եւ նպատակների իրականացում թե իրենց ընտանիքների եւ թե մեր մեծ ընտանիքի՝ Ագրարային համալսարանի համար։
Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ։ Թող 2025 թվականը խաղաղ լինի Հայրենիքի համար եւ հետագա զարգացման ու առաջընթացի տարի լինի Ագրարայինի համար, թող բոլոր ագրարայինցիներն ու համալսարանի բարեկամներն ապրեն ու գործեն ստեղծարար միջավայրում՝ օրեցօր ամրացնելով մեր բոլորի ակութն ու մեր երկրի թիկունքը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։