Հին ավանդույթները շարունակվում են. բեմում ուրախներն ու հնարամիտներն էին

Ագրարայինի ՈՒՀ ակումբը տասնամյակների եւ հաղթանակներով լի պատմություն ունի։ Մերոնք եղել են հանրապետական մրցափուլի հաղթողներ, առավել արտիստիկ կերպարները բուհն ավարտելուց հետո շարունակել են հենց այդ ուղին։

Կատակելը կատակ բան չկարծեք. ե՜ւ ճաշակ է պետք, ե՜ւ սուր միտք, ե՜ւ չափի զգացողություն, ե՜ւ լայն մտահորիզոն։ Այդ իմաստով ընդամենը երեք թիմ էր կարողացել հաղթահարել հազար ու մի տեսակի բարդույթները։ Բեմում էին Ա․ Քոչինյանի անվան քոլեջի, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողները։

Ժյուրիի կազմը պատկառելի էր եւ գործը բավական դժվար, քանզի գրեթե հավասար ունակություններ ունեին բոլորը։ Այնուամենայնիվ հաղթող ճանաչվեց տնտեսագետների եռյակը։ Նույն թիմից Հայկանուշ Մկրտչյանի կերտած կերպարը ճանաչվեց լավագույնը։ Տեխնոլոգներից Վանիկ Հակոբյանը ,,լավագույն կատակ,, անվանակարգի հաղթողն էր։

Ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը գավաթները հանձնելիս շնորհավորեց երիտասարդներին եւ մաղթեց, որ ավելի շատ աշխատեն ու հղկեն իրենց ունակությունները։