70 հազար դրամ կրթաթոշակներն արդեն ստացել են ՀԱԱՀ առկա համակարգում պետության համար առաջնային մասնագիտություններով սովորող առաջինկուրսեցիները

Ագրարային համալսարանի բակալավրիատի եւ մագիստրատուրայի առաջին կուրսեր ընդունված՝ պետության համար առաջնային մասնագիտություններով սովորող 177 ուսանողներ ստացան ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանած իրենց հասանելիք կրթաթոշակը՝ ամսական 70 հազար դրամ։ Սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների համար նախատեսված կրթաթոշակը գումարվեց նոյեմբերի կրթաթոշակին եւ ուսանողներին վճարվեց միանգամից 210 հազար դրամ:

Սա առանձնահատուկ հնարավորություն է, որը խրախուսում է պետության համար կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով սովորելը եւ բարձր առաջադիմություն ունենալը, քանի որ առաջին կուրսից հետո 80-ից բարձր ՄՈԳ ունեցողները կշարունակեն ստանալ 70 հազար դրամ կրթաթոշակ, իսկ 90-ից ավելի ՄՈԳ ունեցողները՝ կստանան 77 հազար դրամ:

Նման չափերով եւ սկզբունքներով կրթաթոշակներ տրամադրելը պետության կողմից ագրոպարենային բարձրագույն կրթությունը կարեւորելու եւ ոլորտին լրջորեն աջակցելու պատրաստակամության եւս մեկ վկայություն է։

Երկրի համար ռազմավարական կարեւորագույն ոլորտի մասնագետներ պատրաստող բուհ՝ Ագրարային համալսարան, դիմորդների ներգրավման գործընթացին մեծապես նպաստող այս քայլին Ագրարայինում արձագանքում են որակյալ, արդիական կրթություն ապահովելու վճռականությամբ։

Մեր ուսանողներին մաղթենք նպատակասլաց, խելամիտ ուսումնառության տարիներ, որոնք կլինեն նրանց բարեկեցիկ ներկայի եւ ապագայի գրավականը: