Ագրարային համալսարանում ընթանում է SMARTI նախագծի ամփոփիչ խորհրդաժողովը

Նոյեմբերի 26-ին ՀԱԱՀ-ում մեկնարկեցին Էրազմուս+ ՀԳ2 SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով») նախագծի ամփոփիչ խորհրդաժողովի աշխատանքները։ 2021 թ․ մեկնարկած եւ 36 ամիս տեւած նախագիծը հաջողություն է գրանցել թե բավականին տպավորիչ արդյունքների եւ թե թողնելիք «ժառանգության» տեսանկյունից։ Այս մասին են վկայում նախագծի մասնակիցները՝ համադրող Դրեզդենի համալսարանի, ԵՄ երկրների, հայաստանյան համալսարանների ներկայացուցիչների զեկուցումներն ու քննարկումները, որոնք շարունակվեցին այսօր՝ նոյեմբերի 27-ին եւ կտեւեն եւս երկու օր։

ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը ողջունեց մասնակիցներին, մասնավորապես արտերկրի գործընկերներին մաղթեց բարի գալուստ Հայաստան եւ Ագրարային համալսարան։ «Երբ առհասարակ խոսում ենք միջազգայնացման եւ շարժունության մասին՝ խոսում ենք հնարավորությունների մասին։ Միջազգային համագործակցությունը ենթադրում է մեկ ընդհանուր լեզվով խոսելը։ Այս իմաստով մեծապես կարեւորում եմ իրականացված SMARTI նախագծի դերը, որի շնորհիվ դասախոսները բարելավել են անգլերենի իրենց իմացությունը, նաեւ՝ ընդգրկված համալսարաններում հենց նախագծի միջոցով ստեղծված ենթակառույցների օգնությամբ։ Շնորհակալություն նախագծում ընդգրկված բոլոր հաստատություններին․ մաղթում եմ հարակայունություն, քանզի դրանից է կախված բոլորիս հետագա հաջողությունը», – մասնավորապես ասաց պարոն Զաքոյանը։

Նախագծի ազգային համադրող, ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի նախկին ղեկավար Լիանա Վարդանյանը ջերմորեն ողջունեց ներկաներին եւ հույս հայտնեց, որ նախագծի ամփոփիչ այս խորհրդաժողովը գործակցային ցանցի ընդլայնման եւ նոր նախագծեր ձեռնարկելու մեծ ցանկություն ունեցող բոլոր կողմերի համար հետագա համատեղ նախագծեր իրականացնելու լավ հնարավորություն է։ Տիկին Վարդանյանը շնորհակալություն հայտնեց մասնակից բոլոր հաստատություններին, առանձնահատուկ կերպով՝ նախագծի ԵՄ համադրող Ջերարդ Քալենին, որի անձնական ջանքերն անուրանալի են նախագծի ընդհանուր հաջողության գործում։

Ողջույնի խոսքերով հանդես եկան նաեւ ՀԱԱՀ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը, Էրազմուս+ ծրագրի հայաստանյան գրասենյակի համադրող Լանա Կառլովան եւ նախագծի Գերմանիայի համադրող, Սաքսոնիայի կրթության նախարարության ներկայացուցիչ Ութե Շյոթլերը։

Նախագծի արդյունքների վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան նախ համակարգող Ջերարդ Քալենը եւ ԵՄ գործընկերների՝ Դրեզդենի տեխնիկական, Ռիգայի տեխնիկական, Լիվերպուլի Ջոն Մուրս համալսարանների, Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի կենսատեխնոլոգիայի ֆակուլտետի ներկայացուցիչները։

ՀԱԱՀ-ի մի քանի նորարարական կենտրոններում շրջայցից հետո զեկուցումներով հանդես եկան նաեւ նախագծի շահառու հայաստանյան հաստատությունների՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի, ՀԱԱՀ-ի, Վանաձորի, Գորիսի եւ Շիրակի պետական համալսարանների պատասխանատուները։ Նրանք ներկայացրին նախագծի շրջանակում ունեցած ձեռքբերումները, քննարկեցին նաեւ մարտահրավերները։ ՀԱԱՀ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանն իր զեկուցման մեջ անդրադարձավ EMI (անգլերենով դասավանդման) նորարարական մեթոդաբանությամբ մշակված ծրագրով դասախոսների վերապատրաստման, դասախոսների եւ ուսանողների շարժունության, ՀԱԱՀ-ում SMARTI կենտրոնի ստեղծման, ազգային եւ միջազգային չափորոշիչների մշակման, ուսումնական ծրագրերի բովանդակության բարելավման, նախագծի շրջանակում նախատեսված մոդուլներից ՀԱԱՀ-ի «բաժին» երկուսի ստեղծման, երեք տարիների ընթացքում Հայաստանում եւ արտերկրում անցկացված բազմաթիվ ծրագրային միջոցառումների եւ մի շարք այլ առումներով նախագծի գրանցած գոհացուցիչ արդյունքներին։

Խորհրդաժողովի առաջին օրվա գեղեցիկ ամփոփումը եղավ SMARTI նախագծի հայաստանյան գործընկերների, ինչպես նաեւ ԵՄ եւ հայաստանյան գործընկերների միջեւ հետագա համագործակցության համաձայնագրերի ստորագրումը։

Այսօր խորհրդաժողովի մասնակիցները հիմնականում զբաղված էին նախագծի վերջնական զեկույցի նախապատրաստման թիմային քննարկումներով։