Մեր ուսանողները պատվով են ներկայացրել Ագրարային համալսարանը ջրային ռեսուրսների հեքաթոնում

Հոկտեմբերի 23-24-ին Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Ջրային եւ հողային ռեսուրսների ճարտարագիտություն մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներ Մարտիկ Ղազարյանը, Ալեքսանդր Պիրոեւը եւ Դավիթ Գեւորգյանը հնարավորություն են ունեցել մասնակցելու Հանքավանում հրավիրված «Հայաստանի ջրային ռեսուրսների տվյալների հեքաթոն» թիմային աշխատանքների մրցույթին: Այս շատ կարեւոր նախաձեռնությունը իրականացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ԵՄ, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:

Այստեղ ի մի էին եկել տարբեր բուհերից ճարտարագետներ, տնտեսագետներ, ծրագրավորողներ, որոնք համատեղ ջանքերով պետք է ժամանակակից իրողություններում ծագած ջրային հիմնախնդիրների լուծման նախագծեր ներկայացնեին: Ձեւավորվել է 7-8 թիմ: Ալեքսանդրը եւ Դավիթը ընդգրկված են եղել մի խմբում, որը արժանացել է երրորդ մրցանակային տեղի եւ կարող է կյանքի կոչվել:Մարտիկը եւ իր թիմակիցները ստացել են մասնակցության վկայականներ:

Անկախ վերջնարդյունքներից, մեր երիտասարդների համար սա շատ կարեւոր փորձառություն էր, մասնագիտության հիմնահարցերը թիմային աշխատանքով լուծելու հրաշալի նախադեպ եւ նոր հաջողությունների մեկնարկային հնարավորություն:

Շնորհավորում ենք մեր հրաշալի եռյակին: