ՈՒԳԸ նստաշրջանի ֆակուլտետային փուլ. Ապագա տեխնոլոգների երեւակայությունը սլացքի մեջ՝ սահման չունի

Այսօր՝ մայիսի 30-ին, կայացավ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ՈՒԳԸ նիստը: Մեկնարկին ե՛ւ դեկան Սմբատ Դավեյանը, ե՛ւ ՈԳԱ կենտրոնի տնօրեն Աննա Դաշտոյանը ուսանողներին մաղթեցին առանց հույզերի, արդյունավետ աշխատանք:

-Որեւէ համալսարանի կարեւորագույն բնութագրիչներից է ուսանողների ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներում: Մեր ֆակուլտետում այս ցուցանիշը միշտ ավանդաբար բարձր է եղել: Հատկանշական է, որ ռեֆերատիվ բնույթի ոչ մի աշխատանք չունենք,- նկատեց դեկանը:

Տեխնոլոգները լավ են գիտակցում երկրի պարենային անվտանգության-ապահովվածության հարցում իրենց դերն ու կարեւորությունը: Իսկ սա նշանակում է, որ երիտասարդները անընդհատ նոր, չտրորված ուղիներ են փնտրել-որոնելու երկրորդային, բայց վիտամիններով հարուստ հումքը օգտագործելու, բնության պարգեւ բարիքները անսպասելի օգտագործել-կիրառելու հարցում: Ընդսմին, չեն մոռանում նաեւ ցածր ինքնարժեքի մասին, չէ որ դա էլ ընկերային խնդիրներ է լուծում:

Կոնի լուծամզուքից կաթնաշոռային նոր ապրանքատեսակ, շոկոլադի մեջ խաղողի սերմի կիրառություն, որպես հումք, խատուտիկից անուշեղեն… զարմացած կհարցնեք՝ այս ո՞ւր է հասել մեր երիտասարդների երեւակայությունը: Վեր, միշտ վեր, եւ անպատճառ՝ համեղ․ ներկա համտեսողները վկայեցին առանց վարանելու:

Լավագույն զեկուցումների հեղինակները արժանացան 1-3-րդ կարգի դիպլոմների, եւ նրանց կհանդիպենք նաեւ համալսարանական փուլի լիագումար նիստում: