Բաց դաս. ճշգրիտ գյուղատնտեսություն՝ իրական ու հասանելի

Լավ է մեկ անգամ տեսնել, քան 1000 անգամ լսել սկզբունքը գործում է դարեր ի վեր, եւ, ինչպես ցույց է տալիս կյանքը՝ անխափան: Իսկապես, ինչ իմաստ ունի դասախոսության ընթացքում վերացականորեն խոսել ագրարային ոլորտի նորագույն, թվայնացված սարքերի մասին, եթե կարելի է տեսնել, անգամ փոքրիկ քայլերով խնդիրներ լուծել մեր բուհի՝ դրոնների լաբորատորիայում:
Բակալավրիատի Ագրոբիզնես 2-րդ կուրսի ուսանողները Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա առարկայի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Կարինե Մնացականյանի առաջնորդությամբ գյուղոլոտում գիտատեխնիկական առաջընթացին նվիրված թեման դիտարկեցին հիշյալ լաբորատորիայում, որտեղ Սերյոժա Կարապետյանը մանրամասն ու շատ գրավիչ ներկայացրեց ժամանակակից սարքերը: Ի միջի այլոց, նա հրաշալի օրինակ է երիտասարդների համար, թե ինչպես որոնող-պրպտող միտքը կարող է ինքնուրույն գտնել բազում հարցերի պատասխանները: Ինքնակրթություն՝ սա էլ հնուց եկող, արդյունավետ գործիք է: Եւ Կարապետյանը ուսանողներին հուշում-ցույց է տալիս այդ ճանապարհները:
Ասել, թե ուսանողները հետաքրքրված էին՝ քիչ է: Տեսնել էր պետք նրանց աչքերի փայլը, ամեն նոր միտք լսելիս՝ արձագանքը:
-Դրոնով կարելի է չափել հողի խոնավությունը, ախտորոշել բույսերի հիվանդությունը, սթրեսը:
-Սթրե՞սը,-սարոյանական Ջոնիի նմանությամբ զարմանում-հիանում են երիտասարդները,-բույսերի սթրե՞սը:
Ուսանողները թերեւս դժգոհ էին մի հանգամանքից… դասաժամն արագ թռավ…