Ագրարային համալսարանի հյուրն էր կենսաբանական գիտությունների թեկնածու Ինեսա Ավագյանը, որն իր հեղինակած «GPM ստանդարտների ներդրման մեթոդական ուղեցույց» ուսումնական ձեռնարկի մի քանի օրինակ նվիրեց ՀԱԱՀ գիտական գրադարանին:
Գիրքը նվիրված է պարտադիր կիրառելի միջազգային ՊԱԳ (պատշաճ արտադրական գործընթաց) չափորոշիչների եւ անհրաժեշտ ընթացակարգերի ներդրման համակարգին՝ հողի նմուշառումից մինչեւ տարբեր պատրաստի արտադրանքների արտադրություն, տեխնիկական ապահովում եւ փաստաթղթաշրջանառություն: Ուղեցույցը բաղկացած է չորս գլխից՝ GMP-ՊԱԳ-պատշաճ արտադրական գործընթաց, GAP-ՊԳԳ – պատշաճ գյուղատնտեսական գործընթաց, GLP-ՊԼԳ – պատշաճ լաբորատոր գործընթաց, GSP-ՊՊԳ – պատշաճ պահեստի գործընթաց, որոնք օգնում են ընթերցողին բացահայտել նորմերի եւ միջազգային չափանիշների աշխարհը: Մեթոդական ուղեցույցում անդրադարձ է կատարվում նաեւ HACCP եւ միջազգային չափանիշներին, որոնց կիրառմամբ յուրաքանչյուր ՊԱԳ պահանջներին համապատասխանող արտադրող կազմակերպություն կարող է ստանալ վերջնական որակյալ արտադրանք:
Մեթոդական ուղեցույցում ներկայացված չափանիշներն Ինեսան արդեն ներդրել է Հայաստանում գործող մի քանի հեղինակավոր ընկերություններում, որոնցից են «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն, դեղորայք արտադրող հայկական «Էսկո ֆարմ» ընկերությունը եւ այլն:
ՀԱԱՀ-ից բացի Ինեսան գիրքը նվիրել է նաեւ Հայաստանի ազգային գրադարանին եւ ԵՊՀ գրադարանին՝ հույս հայտնելով, այն կարող է օգտակար լինել ոլորտի մասնագետներին, GPM չափորոշիչներով հետաքրքրվողներին:
Ողջունելով երիտասարդ գիտնականի նախաձեռնությունը՝ ՀԱԱՀ գիտական գրադարանի տնօրենի տեղակալ Գոհար Հովսեփյանը նշեց, որ ձեռնարկն, անշուշտ, կհետաքրքրի պարենամթերքի տեխնոլոգիաների, սննդամթերքի անվտանգության, նաեւ ագրոբիզնեսի կառավարման մասնագետներին:
Ի դեպ, Ինեսա Ավագյանը մի քանի տարի առաջ Ագրարային համալսարանի մագիստրատուրայում դասավանդել է «Պատշաճ արտադրական գործընթաց» առարկան: