2023-2024 ուսումնական տարում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջնակարգ մասնագիտական կրթական ծրագրերով էականորեն ավելի մեծ թվով դիմորդներ են ընդունվել՝ համեմատած նախորդ՝ 2022-2023 ուստարվա հետ։
Պատկերը գոհացուցիչ է ՀԱԱՀ-ի՝ միջնակարգ մասնագիտական կրթություն ապահովող բոլոր չորս ստորաբաժանումներում՝ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում, Վանաձորի, Սիսիանի եւ Շիրակի մասնաճյուղերում․ ընդհանուր առմամբ, համակարգ է ընդունվել 547 դիմորդ` նախորդ ուստարվա 402-ի դիմաց․ աճը կազմել է 36,1 տոկոս:
Ագրարային համալսարանում այսպիսի դրական զարգացումն ու կոնկրետ ցուցանիշները անակնկալ չէին․ ավագ դպրոցի աշակերտության, դիմորդների, նրանց ծնողների շրջանում ագրարային մասնագիտությունների հանդեպ հետաքրքրության մեծացման ուղղությամբ վերջին տարիների հետեւողական աշխատանքը, համալսարանում թափ առած բարեփոխումներն ու ագրոտեխնոլոգիական հագեցման աննախադեպ գործընթացը, համալսարանի հեղինակության բարձրացումը չէին կարող դրական արդյունք չունենալ։ Ընդ որում, մայր բուհից բացի, փոփոխությունների ալիքը հասել եւ հիմնավորապես հաստատվել է նաեւ հենց քոլեջներում։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջնակարգ մասնագիտական ծրագրերով ընդունվածներին մաղթում ենք բարի գալուստ եւ հաջողություններ ուսման մեջ։ Ըստ առանձին հաստատությունների ընդունվածների թվերին կարելի է ծանոթանալ այստեղ։
- 28/08/2023
- 2023