Այս օրերին «ամենուր»՝ առկա թե հեռակա, դիպլոմային աշխատանքների պաշտպանություն է, եւ պաշտպանում են բոլորը՝ ագրոնոմները, ագրարային ճարտարագետները, տեխնոլոգները․․․
Ագրոնոմիական մասնագիտությունների բակալավրիատի ավարտական կուրսերում, քաղում են ոչ միայն դասախոսների տարիների ջանքերի, դիպլոմայինների ղեկավարների հետ աշխատանքի, այլեւ, որոշակի առումով, այս ուսումնական տարում առաջին անգամ կիրառված աշխատանքային կիսամյակի պտուղները։ Ապագա (նաեւ՝ ներկա, քանի որ շատերն արդեն աշխատում են ոլորտում) ագրոնոմները, պտղաբույծները, բույսերի պաշտպաններն ու անտառային տնտեսության մասնագետները, ընդհանուր առմամբ, արժանացան հանձնաժողովի գոհունակությանն ու դրական գնահատականին։ Դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը ցույց տվեց, որ ի դեմս այս տարվա շրջանավարտների մեծամասնության, գործ ունենք արդեն կայացած մասնագետների հետ։
Նույն տպավորությունն ու զգացողությունն առաջացրեցին ագրարային ճարտարագետները՝ օրեր առաջ հողային կադաստր, երեկ՝ կենսագործունեության անվտանգություն, նախորդ օրը՝ գյուղմեքենայացում մասնագիտությունների ուսանողները։ Անշուշտ, ինչպես ագրոնոմների դեպքում, «մրցակցությունը» լավերի ու լավագույնների միջեւ էր, եւ դա չէին կարող չնկատել հանձնաժողովականները, որ, այս դեպքում, կենսագործունեության անվտանգության ոլորտի երկրի առաջին կարգի փորձագետներն էին։ Եղան նաեւ գիտական մտքի հուսադրող փայլատակումներ, ինչպես օրինակ «Խելացի գյուղատնտեսություն» եւ վաղ գարնանային ցրտահարությունների դեմ պայքարի գազաօդային համակարգերը, որոնք մանրակերտերով ներկայացրեցին հեղինակ ուսանողները՝ գերազանցելով հանձնաժողովի լավագույն ակնկալիքները։ Հանձնաժողովի նախագահ Եղիշե Սարգսյանը գազաօդային համակարգի հեղինակ Գագիկ Գրիգորյանին խորհուրդ տվեց անմիջապես՝ «չսպասելով մագիստրատուրային», դիմել պատկան մարմիններին՝ գյուտի արտոնագրման համար։
Ամենագոհացուցիչ փաստը, սակայն, դիպլոմային աշխատանքների թեմաների ընտրության գործում ձեւական մոտեցումների հաղթահարումն է, որ, կարող ենք ասել՝ վերջապես իրողություն է։ Սա համալսարանի ղեկավարության, դեկանների, դասախոսների եւ ավարտական աշխատանքների ղեկավարների հետեւողական աշխատանքի արդյունքն է։ Ակնհայտ ձեւական, գործնական աշխատանքով ու սեփական հետազոտություններով չամրագրված աշխատանքների դարաշրջանը կարծես թե հաղթահարել ենք։