Հաջողության պատմություն. շոկոլադագործության դասընթացից «Երազանքի շոկոլադ» արտադրող

Միջազգային հարաբերությունների մասնագետ-քաղաքագետ Արաքսի Խոյլունցն աշխատում է Երեւանի քաղաքապետարանում, զուգահեռ ունի իր փոքրիկ բիզնեսը՝  ձեռագործ շոկոլադների արտադրություն, որով սկսել է զբաղվել վերջերս՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում Ագրարային համալսարանի կազմակերպած շոկոլադագործության դասընթացներն ավարտելուց  հետո:

Ասում է, որ միշտ սիրել է շոկոլադ, սակայն երբեք չի մտածել, որ երբեւէ կարող է զբաղվել շոկոլադագործությամբ: «Երբ տեղեկացա, որ Ագրարային համալսարանում անցկացվում են շոկոլոդագործության կարճաժամկետ դասընթացներ, որոշեցի մասնակցել: Ընկերներիցս  ոչ ոք չէր հավատում, որ հետաքրքրվում եմ շոկոլադագործությամբ, մինչեւ որ համացանցում տեղադրեցի դասընթացներից լուսանկարներ: Դասընթացները շատ օգտակար էին եւ հագեցած՝ շոկոլադի վերաբերյալ տեսական գիտելիքներից մինչեւ լաբորատորիայում շոկոլադի պատրաստման գործնական հմտությունների զարգացում, որի շնորհիվ կարճ ժամանակահատվածում սովորեցի շոկոլադ պատրաստելու քաղցր արվեստը»:

Արաքսին առաջին շոկոլադները պատրաստել է դասընթացի ավարտից մի քանի օր անց,  իր  ծննդյան տարեդարձի առթիվ՝ զարմացնելով հարազատներին եւ ընկերներին, որոնք էլ ոգեւորել են, խորհուրդ տվել շարունակել քաղցր ու համեղ գործը:

«Սկզբում պատրաստում-ստեղծագործում էի շոկոլադով՝ զուտ հետաքրքրությունից դրդված, որպես նախասիրություն: Քանի որ շատ էի սիրում չրով շոկոլադներ, իսկ դրանք շուկայում բավականին թանկ են, սկսեցի պատրաստել տարբեր չրերով շոկոլադներ  նախ  ինքս  ինձ համար, ապա, աստիճանաբար հմտանալով, հասկացա, որ կարող եմ սիրելի զբաղմունքս վերածել բիզնեսի: Ստեղծեցի շոկոլադի առցանց վաճառքի@chocoholics.dream հարթակը եւ  սկսեցի զբաղվել ձեռագործ շոկոլադններ արտադրությամբ եւ վաճառքով, ինչպես նաեւ ընդունել անհատական պատվերներ՝ փորձելով իրականացնել  մարկանց «շոկոլադե երազանքները» » :

Հարցին, թե ինչ է փոխվել Արաքսիի կյանքում դասընթացից հետո, պատասխանում է. «Երեկոյան աշխատանքից տուն եմ գալիս եւ սկսում զբաղվել շոկոլադագործությամբ, որն ինձ օգնում է լիցքաթափվել, հանգստանալ բարդ աշխատանքային օրից հետո: Ինձ հաճույք է պատճառում այն պահը, երբ կարողանում եմ իրականացնել շոկոլադի հետ կապված մարդկանց մտահղացումները: Երջանկություն է, երբ կարողանում ես զբաղվել քո սիրած գործով, իսկ նախասիրությունդ  քեզ համար դառնում է լրացուցիչ եկամտի աղբյուր»:

Արաքսին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագրի շահառուներից է: Ծրագիրն իրականացնում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը եւ կոնսորցիումի գործընկերներ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայ օգնության ֆոնդը եւ ՍԻՎԻՏՏԱ Հայաստանը։