Այսօր՝ ապրիլի 13-ին, ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Անցումային տնտեսություններում գյուղատնտեսական զարգացման Լայբնիցի ինստիտուտի (IAMO) տնօրեն, Գյուղատնտեսական շուկաների դեպարտամենտի ղեկավար դոկտ․ Թոմաս Գլաուբենը ստորագրել են համագործակցության վերաբերյալ հուշագիր։
Գյուղատնտեսության ոլորտում հետազոտությունների եւ երիտասարդ հետազոտողների որակավորման բարձրացման նպատակ հետապնդող համագործակցության հուշագրի ստորագրմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի (խորհրդարան) նախագահ Գունար Շելենբերգերը, նույն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Լուկաս Ֆլյոթերը եւ մասնավոր շարք ընկերությունների ներկայացուցիչներ։
Հանդիպումը եւ հուշագրի ստորագրումը կայացան ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ Գերմանիայի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ՝ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակության՝ Հայաստան գործարար այցի շրջանակում։
Ջերմորեն ողջունելով գերմանական պատվիրակությանը, այդ թվում իր վաղեմի բարեկամ Թոմաս Գլաուբենին, ռեկտոր Վարդան Ուռուտյանը հուշագրի ստորագրումը կարեւոր համարեց տարիներ առաջ IAMO-ի հետ մեկնարկած գործակցությունը հաստատութենական հիմքերի վրա դնելու, նորացված Ագրարային համալսարանի ընձեռած՝ ավելի լայն համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում գործակցելու տեսակետից։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ողջունելով հյուրերին, ասաց, որ գյուղատնտեսության ոլորտի առջեւ ծառացած մարտահրավերների լուծումն այսօր ճշգրիտ գյուղատնտեսությունը, արդիական կրթությունն ու շարունակական հետազոտություններն են։ Այս առումով պարոն Խոջոյանը մեծապես կարեւոր համարեց Ագրարային համալսարանի (որի շրջանավարտ լինելը միշտ հաճույքով է նշում) առաջատար դերը։ Իսկ կրթությունը, ըստ նախարարի տեղակալի, «մի օր սկսվում եւ երբեք չի ավարտվում»։
Հուշագրի ստորագրումից առաջ ռեկտոր Ուռուտյանը գերմանացի գործընկերներին ներկայացրեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ անդրադառնալով ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոնի փոխակերպման գործընթացին, գյուղատնտեսության ոլորտի մարտահրավերներին ու ապագա զարգացումներին ընդառաջ՝ կրթական ու գիտական մակարդակում արդեն այսօր համալսարանում կիրառվող լուծումներին։
Այցի ավարտին, ռեկտոր Ուռուտյանի ուղեկցությամբ, հյուրերը շրջայց կատարեցին համալսարանի նորարարական կենտրոններից մի քանիսում։
I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.