Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ՓՃԵԿԿ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ Գագիկ Դավթյանը եւ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ԱԷԿ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող, Արիության մեդալի ասպետ Զախար Խաչատրյանն արժանացել են Մանաս Թիթիզյան կրթաթոշակի՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Հայրենիքին մատուցած ծառայությունների եւ ուսման մեջ բարձր առաջադիմության համար։ Գագիկն արդեն երկրորդ անգամ է արժանանում այս կրթաթոշակին։
Կրթաթոշակի հավաստագրերը Գագիկին ու Զախարին հանձնեցին եւ Հայրենիքին մատուցած ծառայությունների եւ հարազատ բուհի պատիվը բարձր պահելու համար շնորհակալություն հայտնեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀԱԱՀ-ի աջակցության հիմնադրամի տնօրեն Միսակ Ղարագյուզյանը։
Մանաս Թիթիզյան կրթաթոշակը պատերազմից հետո սահմանել է կանդահայ բարերար, ռեկտոր Ուռուտյանի լավ բարեկամ Գրեգ Բազբազյանը եւ անվանել կանդահայ գաղութի մեկ այլ գործչի՝ Մանաս Թիթիզյանի պատվին։ Կրթաթոշակը տրվում է Ագրարային համալսարանի՝ Հայրնեիքի առջեւ վաստակ ունեցող եւ առաջադիմությամբ աչքի ընկնող ուսանողներին։ Այն հնարավորություն է տալիս մասամբ փակել ուսման վարձը։