Լիտվայի Հանրապետության Վիտաուտաս Մագնուսի (VMU) համալսարանի Ագրարային ակադեմիայի նախաձեռնությամբ մեկնարկել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համագործակցությունը։ Մինչ ակադեմիայի կանցլեր Աստրիդա Միցեյկիենեի այցը Հայաստան եւ երկու համալսարանների միջեւ հուշագրի կնքումը, ՀԱԱՀ ռեկտորի առաջարկով իրականացվեց առցանց հանդիպում համալսարանների ներկայացուցիչների միջեւ։
Վիտաուտաս Մագնուսի համալսարանի ագրարային ակադեմիայից հանդիպմանը ներկա էին կանցլեր Աստրիդա Միցեյկիենեն, միջազգային ծրագրերի համակարգող Եկատերինա Մակրիկիենեն, դեկաններ Բեռնար Վազնոնիսը, Ռոլանդես Դոմեիկանը, Վիտաս Մառոզասը, Աուստեժա Սվերեիկաիտեն, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից ներկա էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումերի գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը եւ միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը սահիկներով ներկայացրեցին համալսարանները։ Հանդիպման ընթացքում բացահայտվեց, որ ուղղվածությունների հարցում համալսարաններն ունեն ավելի շատ նմանություններ, քան տարբերություններ, որը դյուրինացնում է առաջիկա համագործակցությունը։ Քննարկվեցին համատեղ աշխատանքի՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններ, այդ թվում՝ համատեղ կամ կրկնակի դիպլոմով կրթական ծրագրեր, գիտական հետազոտություններ, փորձի փոխանակում, ուսանողների եւ աշխատակիցների շարժունություն, նորարարություն եւ այլն։
Մեր համալսարանն առաջարկ ստացավ մասնակցել սեպտեմբերին կայանալիք միջազգային գիտաժողովին։ Հստայկեցվեց համագործակցության նախնական շրջանակը, որն ավելի մանրամասն քննարկվի Հայաստանում Վիտաուտաս Մագնուսի համալսարանի ագրարային ակադեմիայի կանցլեր Աստրիդա Միցեյկիենեի Հայաստան առաջիկա այցի ժամանակ եւ կստորագրվի համագործակցության համապատասխան հուշագիր։