ՀԱԱՀ դասախոսը Դիժոնի գյուղինստիտուտում գիտական աստիճանի պաշտպանության հանձնաժողովում էր

2022 թվականի դեկտեմբերն ամփոփեցի մասնագիտական ոլորտում հագեցած գործունեությամբ։ Աթենքի գյուղատնտեսական համալսարանում դասավանդելուն հաջորդեց գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանության հանձնաժողովում անդամակցելու հրավերը, ա´յս անգամ միջազգային հարթակում՝ Բուրգունդիայի համալսարանին կից Դիժոնի գյուղատնտեսական ինստիտուտում (Ֆրանսիա)։ Պատասխանատվության զգացումս մեծ էր, պարտավորությունն՝ ավելի պատվաբեր, երբ գիտակցում ես, որ պատիվ ունես Սորբոնի,  Ռեյմս Շամպան-Արդենի եւ Բուրգունդիայի համալսարանի անվանի պրոֆեսորների հետ համագործակցելու եւ փորձառություն ձեռք բերելու։

Ատենախոսը մեր հայրենակցուհին էր, ԵՊՀ-ի շրջանավարտ, որը հայցում էր երկու համալսարանների միասնական գիտական աստիճան (joint PhD degree)։ Ատենախոսության թեման էր․ «Հայկական կավի հիմքով խեցեղենի եւ մոդելային գինու փոխազդեցությունը»։ Թեմայի ղեկավարումը նույնպես իրականացվել էր համատեղ․ Դիժոնի գյուղատնտեսական ինստիտուտի պրոֆեսոր Ֆիլիպե Բոդարտի եւ համաղեկավարներ, նույն համալսարանի պրոֆեսոր Կամիլ Լյուպակի ու ԵՊՀ դոցենտ Նելլի Հովհաննիսյանի ջանքերով։

Հետաքրքրական է, որ պաշտպանության ընթացակարգը փոքր ինչ տարբերվում էր Հայաստանում գործողից։ Առաջին առանձնահատկությունն այն էր, որ հանձնաժողովը յուրաքանչյուր ատենախոսի դեպքում ձեւավորվում է անհատապես, բխելով թեմայի առանձնահատկությունից։ Երկրորդը․ հանձնաժողովի անդամներ՝ քննողների եւ ընդդիմախոսների կողմից ներկայացված նկատառումների եւ դիտարկումների հիման վրա քվերակությունն ընթանում է երեք սկզբունքով․ ընդունել դրական առանց փոփոխությունների, մերժել, կամ ընդունել, հատկացնելով երեք ամիս ժամկետ՝ դիտարկումները շտկելու նպատակով։

Պաշտպանությունն ընթացավ հիբրիդային եղանակով։ Հանձնաժողովի անդամները հինգն էին, որոնցից երկուսը՝ ընդդիմախոս, երեքը՝ քննող։ Ատենախոսի զեկույցին հաջորդեցին ընդդիմախոսների դիտարկումները եւ հարցադրումները, որից հետո՝ քննողների հարցադրումներն ու դիտարկումները։ Որպես քննողի՝ ինձ հետաքրող հարցադրումներն ու նկատառումները խեցեղենու հանքակազմի, դրանց քայքայման կինետիկայի եւ մոդելային գինու հետ կենսաքիմիական փոխազդեցության համատեքստում էին։ Հարդյունս հանձնաժողովի անդամների քննարկումների եւ քվեարկության՝ ատենախոսությունն ընդունվեց դրական ընթացակարգով սահմանված պայմանով․ երեք ամիսների ընթացքում պետք է կատարվեն վերհանված եւ մատնանշված շտկումներն ու լրամշակումները։

Շնորհակալ եմ ընտրող հանձնաժողովին վստահելու, իսկ ԵՊՀ եւ Ֆրանսիայի նշյալ համալսարանների գործընկերներին՝ ակադեմիական համագործակցության նոր հարթակում ինձ ներգրավելու եւ այս համատեքստում փորձառության հնարավորություն ընձեռելու համար։ Կարծում եմ, այս գործընթացի ավարտը կուրվագծվի համագործակցության նոր եզրերով։

Ճշմարիտ է ասվածը․ Ի՞նչ է գիտելիքը, եթե ոչ գրանցված փորձ։

 Գայանե Մարմարյան

Կենսաբանական գիտությունների դոկտոր,

Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ